Վճարել հեռավար աշխատողների էլեկտրաէներգիայի և ինտերնետի վարձերը․ Պորտուգալիայի օրենքի նոր փոփոխությունները
Պորտուգալիայի խորհրդարանը հավանություն է տվել աշխատանքային օրենսդրության փոփոխություններին՝ հեռավար աշխատանքի վերաբերյալ։ Ղեկավարները կարող են տուգանվել՝ աշխատանքային ժամերից դուրս աշխատակիցների հետ կապ հաստատելու համար: Ընդ որում, օրենքի փոփոխությունները չեն տարածվի այն ընկերությունների վրա, որտեղ աշխատողների թիվը չի գերազանցում 10-ը։ Այդ մասին գրում է Euromag-ը։
Ընկերությունները պետք է օգնեն նաև վճարել իրենց աշխատակիցների էլեկտրաէներգիայի և ինտերնետի վարձերը: Գործատուները պետք է գրանցեն դրանք որպես «բիզնեսի ծախսեր»:
Նոր փոփոխությունների համաձայն՝ փոքր երեխաների ծնողներն իրավունք ունեն աշխատել հեռավար կարգով՝ առանց վերադասի հետ նախապես պայմանավորվելու, մինչև երեխայի ութ տարեկան դառնալը։ Նաև փոփոխված օրենքը ներառում է միայնության դեմ պայքարի միջոցներ՝ գործատուն պարտավոր է առնվազն երկու ամիսը մեկ անգամ կազմակերպել անձնական հանդիպումներ ենթակաների հետ։
Երկրի կառավարությունը կարծում է, որ հեռավար աշխատանքի նոր կանոնները կօգնեն Պորտուգալիային օգուտ քաղել, օրինակ՝ օտարերկրյա մասնագետների ներգրավմամբ։
«Համաճարակն արագացրել է աշխատանքի նոր կանոնների կարգավորման անհրաժեշտությունը։ Հեռավար աշխատանքը կարող է «հանգուցային կետ» լինել պետության համար, եթե մենք օգուտ քաղենք և մեղմացնենք դրա թերությունները», - ասել է Պորտուգալիայի աշխատանքի նախարար Անա Մենդես Գոդինյոն:
Պորտուգալիան դարձավ առաջին եվրոպական երկիրը, որը փոխեց հեռավար աշխատանքի կանոնները 2021 թվականի հունվարին՝ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով։ Աշխատանքային օրենսդրության նոր կանոնների համաձայն՝ գործատուները պետք է իրենց աշխատակիցներին տրամադրեն անհրաժեշտ սարքավորումներ՝ տնից աշխատելու համար։