Մամիջանյան. Փաշինյանը ճիշտ է անում, որ վախենում է որդեկորույս մայրերից
«Պետական արարողակարգով պաշտոնյաները սովորաբար առավոտյան ժամերին են այցելում «Եռաբլուր» զինվորական պանթեոն, բայց ոչ լուսադեմին»,- ԱԺ-ում արձագանքելով լրագրողների հարցին՝ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, երբ այս տարի հունվարի 28-ին «կապիտուլյանտը», ուժով հրելով զոհվածների ծնողներին, ազատամարտիկներին, մուտք գործեց Եռաբլուր, ինքն էլ ոչնչից չի զարմանում։
«Մարդ, որ մեր ազգային սգի ու ամոթի վայրը վերածում է քաղաքական դիվիդենտներ շահելու տեղի, մարդ, որ վախենում է որդեկորույս մայրերից, ու ճիշտ է անում... զարմանալ նրա որևէ գործողության վրա, պետք չէ։ Ինքն իրավունք չունի ոտք դնել Եռաբլուր»,- ասաց Մամիջանյանը։
Հիշեցնենք, որ կապիտուլյացիոն փաստաթուղթը մեկ տարի առաջ ստորագրած Փաշինյանը երեկ լուսադեմին, միայնակ՝ միայն թեիկնապահների, լուսանկարչի ու օպերատորի հետ այցելել էր Եռաբլուր ու մի մեծ ֆոտոսեսիա իրականացրել այնտեղ։