Վերադարձվող խոտանված դրոշմապիտակների համար տնտեսվարողը փոխհատուցի միայն տպագրության ծախսերը
«Ակցիզային դրոշմանիշերով և դրոշմապիտակներով ապրանքների դրոշմապիտակավորման համար օրենսգրքով սահմանված կարգավորումների գործնական կիրառման ընթացքում առաջացել են մի շարք խնդիրներ»,-այսօր ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծերը:
Նա ասաց, որ գործնական խնդիրներ են առաջացել դրոշմանիշերի և պիտակների ստացման, վերադարձման, պատասխանատվության միջոցների կիրառման համաչափության հարցերում:
Ըստ Մանուկյանի՝ նախագծով կարգավորվելու է նաև ապրանքների վերափաթեթավորման, ինչպես նաև գրավի առարկա հանդիսացող ապրանքների դրոշմավորման հետ կապված հարցերը:
ՊԵԿ նախագահի տեղակալը հայտնեց, որ նախագծով առաջարկվում է սահմանել բացառություն դրոշմավորման ընթացքում խոտանված այն դրոշմապիտակների համար, որոնք ենթակա չեն հարկային մարմին վերադարձման և դրանց համար տուգանքը փոխարինել է տպագրության համար ծախսերի փոխհատուցմամբ:
Նրա խոսքով՝ Էականորեն վերանայվել է սահմանված ժամկետում չվերադարձված դրոշմապիտակների համար նախատեսված պատասխանատվության չափը այն դեպքերի համար, երբ դրանք վարչական վարույթի շրջանակում վերադարձվել և հետ են ընդունվել հարկային մարմնի կողմից, մասնավորապես՝ սահմանվում է, որ յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի և դրոշմապիտակի համար հաշվարկվում և գանձվում է տուգանք 100 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 100 հազար դրամը:
Հանձնաժողովը հաստատեց օրենսդրական փաթեթը:
Հարակից հրապարակումներ`
- Փոփոխություն եք անում մի օրենքում, որը 2015 թ-ից չի գործում. Վահագն Սահակյանը՝ ԱԺ-ին և կառավարությանը
- ԱԺ-ն կրկին քննարկում է օդանավակայանից տաքսի ծառայության համար 200.000 դրամ տուրք սահմանելու նախագիծը
- Շահումով խաղերի և բուքմեքերական ընկերությունների գովազդի սահմանափակման մասին նախագծում որոշ բարելավումներ կկատարվեն. Թունյան