Ձեռներեցության դասընթացներ՝ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների համար
Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) կմեկնարկեն «Ինչպես սկսել սեփական բիզնեսը և ստարտափը» խորագրով անվճար դասընթացների շարք` Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների համար։
Ս.թ. նոյեմբերի 22-ից 26-ը ՀԱՊՀ-ում կմեկնարկեն «Ինչպես սկսել սեփական բիզնեսը և ստարտափը» խորագրով դասընթացները՝ նախատեսված 44 օրյա պատերազմի մասնակիցների, պատերազմից տուժած, Արցախից եկած ուսանողների, բռնի տեղահանվածների և այլ ներգաղթյալների համար: Այլ հետաքրքրված անձիք ևս կարող են գրանցվել և մասնակցել: Ներկայիս տնտեսական և տեխնոլոգիական զարգացումներին և մարտահրավերներին արձագանքում է Ձեռնարկատիրական կրթությունը, որն ուղղված է ստեղծագործական և նորարարական հմտությունների բարձրացմանը՝ խթանելով տնտեսական աճ և աշխատատեղերի ստեղծում:
Վերջին մեկ տարվա ընթացքում 44 օրյա պատերազմի հետևանքով առավել խորացած սոցիալ-տնտեսական խնդիրներն ու մարտահրավերները ծառացել են ոչ միայն հայաստանաբնակ հայերի այլ նաև Արցախից տեղահանված մեր հայրենակիցների առջև: Արցախահայությունն ապրում է դժվար ժամանակներ, և ի աջակցություն վերջիններիս, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ)` Բրիտանական խորհրդի կողմից ֆինանսավորվող «Ստեղծարար միտք» (“Creative Spark”) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել «Ինչպե՞ս սկսել սեփական բիզնեսը և ստարտափը» անվճար դասընթացների շարքը:
Համագործակցությունն իրականացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Միացյալ Թագավորության Սաութհեմփթոնի համալսարանի միջև։
Հնգօրյա դասընթացի նպատակն է ծանոթացնել նորարարական և ստեղծագործական մտածելակերպին, բիզնես մոդելի կառուցման ժամանակակից գործիքներին։ Վերապատրաստման արդյունքում մասնակիցները կստանան ձեռներեցության, բիզնես մոդելի կառուցման, ստեղծագործական և նորարարական մտածելակերպի զարգացման մասին գիտելիքներ, հմտություններ և կարողություններ, որոնց հենքի վրա վերապատրաստված անձը կնպաստի ձեռնարկատիրական և նորարարական ուղղության զարգացմանը` միտքն արտադրանքի վերածելով:
Հետաքրքրված անձինք կարող են անցնել հղումով և գրանցվել: Այլ հարցերի դեպքում զանգահարել (+374) 10 56 74 25 / (+374) 98 12 12 94 կամ նամակ ուղարկել հետևյալ էլ.հասցեներին [email protected], [email protected]:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան