«Բելավիա»-ն Թուրքիայից չի տեղափոխի Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիներին
Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը հայտնել է, որ թուրքական իշխանությունների որոշմամբ նոյեմբերի 12-ից չի ընդունի Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիներին այդ երկրից Բելառուս թռիչքներ իրականացնելիս։ Լուրը հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Վերջերս Լիտվան, Լատվիան և Լեհաստանը հաղորդել են Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից Բելառուսի հետ սահմանին կալանավորված անօրինական միգրանտների թվի աճի մասին՝ Մինսկին մեղադրելով միգրացիոն ճգնաժամ ստեղծելու մեջ: Մինսկը մերժում է բոլոր մեղադրանքները:
Ստեղծված իրավիճակի կապակցությամբ Լեհաստանի նախագահը արտակարգ դրություն է մտցրել Բելառուսի հետ սահմանակից տարածքներում, բանակն ու ոստիկանությունը ներգրավվել են սահմանի պաշտպանությանը։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ Մինսկն այլևս չի զսպի անօրինական միգրանտների հոսքը դեպի ԵՄ երկրներ Արևմուտքի պատժամիջոցների պատճառով, ասելով՝ ոչ փող կա, ոչ ջանք։ Բելառուսի սահմանապահները բազմիցս հայտարարել են Լիտվայի, Լեհաստանի և Լատվիայի կողմից միգրանտներին Բելառուսի տարածք բռնի արտաքսելու դեպքերի մասին։ Այս շաբաթ Բելառուսում՝ Լեհաստանի հետ սահմանի մոտ ստեղծվել է փախստականների ինքնաբուխ ճամբար, որում կա մոտ 2 հազար մարդ։
«Թուրքիայի իրավասու մարմինների որոշմամբ՝ 2021 թվականի նոյեմբերի 12-ից Իրաքի, Սիրիայի, Եմենի քաղաքացիները Թուրքիայից Բելառուս թռիչքներում չեն ընդունվի»,- ասվում է ընկերության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ «Բելավիա»-ի ուղևորները, հայտնվելով այդ արգելքի տակ և վերադարձնելով տոմսը, կարող են ամբողջությամբ ստանալ դրա արժեքը: