Ոստիկանությունը Նիկոլին պաշտպանելու համար է, մնացածը, թե ինչ ցուցանիշ կլինի, դրա վրա թքած ունեն. Գագիկ Համբարձումյան. hraparak.am
«Իշխանության գալուն պես Նիկոլ Փաշինյանն ամեն տարի հայտարարում է ոստիկանության բարեփոխումների մասին: Նույնիսկ համակարգման խորհուրդ է ստեղծել, նիստից նիստ ինչ-որ չլսված դրական արդյունքներ է արձանագրում, էական փոփոխություններ մեր կյանքում: Բայց առայժմ ամենաէական փոփոխությունը հանցավորության աճն է: 2019-ին՝ 2018-ի համեմատ, 34%-ով աճել են հանրային ամենամեծ վտանգ ներկայացնող հանցագործությունները՝ սպանությունների դեպքերը: 2020 թվականին դրանց աճը շարունակվեց եւ 2019 թվականի հետ կազմեց 6,4 տոկոս: 2021 թվականի սեպտեմբերին դատախազությունը հրապարակեց հանցագործությունների առաջին 7 ամսվա վիճակագրական պատկերը: Եվ կրկին հանցավորության աճ գրանցվեց՝ նախորդ տարվա համեմատ շուրջ 3,5 տոկոսով»,- գրում է hraparak.am կայքը։
Ինչո՞ւ է ոստիկանության բարեփոխումների ֆոնին անընդհատ ավելանում հանցավորությունը: Այս և մյուս հարցերի շուրջ hraparak.am-ը զրուցել է ոստիկանության պետի նախկին տեղակալ, գեներալ մայոր Գագիկ Համբարձումյանի հետ:
Գագիկ Համբարձումյան - Այո, ոստիկանությունը բարեփոխում են, հանցագործությունները գնալով ավելանում են: Ոնց որ վերջին հարցազրույցում ասաց վարչապետի աթոռը զավթածը՝ բանակը բարեփոխման ընթացքի մեջ է, ու արցախցիների սպանությունները, մեր տարածք ներխուժումները, մեր քաղաքացիների հանդեպ կատարված այլանդակությունները շատանում են: Նրանց բարեփոխումը միայն դա պետք է լինի: Միայն սպանությունների աճը չէ, կա տերմին՝ չգիտեմ, գիտե՞ք, թե՞ ոչ՝ լատենտային հանցագործություններ, որոնց մասին մենք չգիտենք: Ասենք, եթե սպանությունը կատարվում է, դեպք է, բայց լատենտայինն անընդհատ տեղի է ունենում, ասենք՝ թմրամոլությունը կամ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը: Երկիրը տիրել է դա, խայտառակ վիճակ է: Ոստիկանությունը բարեփոխելով՝ այս ամենի դեմը չես կարող առնել: Ոստիկանությունը բարեփոխում է, ո՞րը: Ոստիկանությունը Նիկոլին պաշտպանելու համար է, մնացածը, թե ինչ ցուցանիշ կլինի, դրա վրա թքած ունեն: Նույնն էլ՝ քննչական ապարատը: Հիմա գաղտնիացված է, քանի տասնյակ հարյուրավոր վարույթներում գործեր կան, որ ոչինչ չեն անում:
Հարց - Ինչո՞ւ, աշխատողնե՞րն են քիչ:
Գագիկ Համբարձումյան - Որովհետեւ քաղաքական հետապնդումներով գործեր անելն է: Ով իրենց դեմ է, անկախ ամեն ինչից, գործեր են կարում, գործեր կան՝ տարիներով ձգված: Առաջ դրա համար քննիչի ու մի քանի պետերի վիզը կպոկեին՝ ականջների փոխարեն, հիմա ո՞վ է դրանցով զբաղվում: Տեսեք, այսօր տարածվեց, որ Աննա Մկրտչյանի հայրը կկալանավորվի՝ «Պատիվ ունեմ»-ի ակտիվ դեպուտատ, երիտասարդ աղջկա: Դա է նրանց համար կարեւոր՝ իրենց դեմ հանդես եկողի, նրա հարազատների նկատմամբ քրեական հետապնդումներ իրականացնեն: Իրենց տեղաշարժերի ժամանակ հազարավոր ոստիկաններ անմիջապես նրանց ժամանման վայրերն են շրջապատում, էլ նրանք ժամանակ, հավես եւ մոտիվացիա ունե՞ն աշխատելու: Իհարկե, չէ:
Հարց - Պարոն Համբարձումյան, վերջերս մերձավոր ազգականների՝ իրար սպանելու դեպքերն են շատացել: Թերեւս վերջին դեպքը, երբ հարսնացուի՝ երիտասարդ աղջկա փեսացուին էին սպանել, հարեւանը՝ հարեւանին, եւ այլն: Սա ինչո՞վ է բացատրվում, կա՞ աճ, թե՞ ուղղակի դեպքերն են ավելի հրապարակային դարձել:
Գագիկ Համբարձումյան - Դա լինում է, պարզապես, քանի որ հասարակության մեջ բարոյական առումով խոր ու մասսայական դեգրադացիա է տիրում, դա նպաստում է: Ատելության մթնոլորտն է նպաստում, անհանդուրժողականությունն իր հերթին է ազդում, ոստիկանության անգործությունը: Տեղամասային տեսուչները միայն զբաղված են վարչապետի տեղաշարժերն ապահովելով ու հետապնդումների համար նյութ հավաքելով: Նույնը՝ օպերատիվ ծառայությունը: Հիմա նաեւ գողություններն են ավելացել եւ թմրամոլությունը: Մի հատ հաղորդագրություն են տարածում՝ մի 5 գրամ էսինչ տեսակի թմրանյութ են բռնել, երբ որ կիլոներով է պտտվում, թաղամասերը խեղդվում են դրա մեջ, սրճարաններում ու բարերում բացահայտ են իրացնում:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին