Արգելվելու է վայրի կենդանիների օգտագործումը կրկեսներում. Գայանե Գաբրիելյան
«Խիստ խնդրահարույց է վայրի կենդանիներին կիսաազատ և անազատ պայմաններում պահելու ներկա իրավիճակը, գործող օրենսդրությունը լիարժեքորեն չի կարգավորում այդ հարցերը և բացերը»,- Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը՝ ներկայացնելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքում և հարակից օրենքների փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Նրա խոսքով՝ խնդիրն առավել էական տեսանելի է դարձել 2015 թվականին՝ Գյումրու մասնավոր կենդանաբանական այգու դեպքերի լայն հնչեղության արդյունքում, որից հետո շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներից ձևավորվել է աշխատանքային խումբ, որոնց առաջարկներն էլ դրվել են նախագծի հիմքում:
Փոխնախարարը հայտնեց, որ համապատասխան գործունեության թույլտվությամբ սահմանվելու են հատուկ պայմաններ և պահանջներ, որոնք սահմանափակելու են ոչ մասնագիտական մոտեցմամբ վայրի կենդանիների անազատ պամաններում պահելը:
Գաբրիելյանի խոսքով՝ նման գործունեություն ծավալողների համար սահմանվել է հաշվետվողականության մեխանիզմ, որի շրջանակում նաև կենդանիները հաշվառվելու են, իսկ այդ տվյալները փոխանցվելու են լիազոր մարմնին:
«Օրենքում սահմանված է անցումային դրույթ, ըստ որի, 12 ամիս ժամանակ է տրվելու, որպեսզի բոլորը հաշվառման ներկայացնեն իրենց մոտ պահվող վայրի կենդանիները՝ անկախ ձեռքբերման մասին առկա փաստաթղթերից»,- ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ նախագծով սահմանվում է, որ վայրի կենդանի կարող են ձեռք բերել միայն լիազոր մարմնից այն պահելու թույլտվություն ունեցողները և սահմանվելու են այն վայրերը, որտեղ կարելի է զբաղվել վայրի կենդանիների առքուվաճառքով:
«Արգելվելու է սահմանված ցանկում ընդգրկված վայրի կենդանիների օգտագործումը կրկեսներում»,-տեղեկացրեց փոխնախարարը և հավելեց, որ օրենսդրական փաթեթով որոշ կենդանիների համար կսահմանվի պահման բնօգտագործման վճարներ:
Նա հայտնեց, որ փոփոխություններով կենսաթոշակային տարիքի մարդկանց համար սիրողական ձկնորսությունն անվճար կդարձվի՝ սոցիալական խնդիրների լուծմանը նպաստելու համար:
ԱԺ փորձագետ Իգոր Սարգսյանն էլ հայտարարեց, որ «Կենդանական աշխարհի մասին» նախկին օրենքն այնքան էլ վատ չէր, որ փոփոխվեր, իհարկե որոշ փոփոխություններ պետք էին:
Փորձագետը մի շարք դիտողություններ ներկայացրեց նախագծերի վերաբերյալ, մասնավորապես, նշելով, որ «Առողջապահական նպատակներով կենդանիների օգտագործում» նոր եզրույթի ներմուծումը նպատակահարմար չէ, քանի որ գործող օրենքում կա կենդանիների «գիտահետազոտական» և «արդյունագործական» օգտագործման եզրույթները, որոնցում արդեն առկա է առողջապահական նպատակներով օգտագործման երևույթը:
Հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը Իգոր Սարգսյանին առաջարկեց հիմնավոր դիտարկումները գրավոր ներկայացնել և այն կդիտարկվի օրինագիծն առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ, որից հետո հանձնաժողովը քվեարկությամբ ընդունեց այն:
Հարակից հրապարակումներ`
- Նոր օրենքով Հայաստանում կարգելվի սնդիկի արդյունահանումը
- Միգուցե մարզպետը նշանակի համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար իր ցանկությամբ, արդյո՞ք վտանգ չեք տեսնում. Կյուրեղյանը՝ Տերտերյանին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում