Հայաստանի Հանրապետությունը միացել է «Հորիզոն-Եվրոպա» ծրագրին
Նոյեմբերի 12-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրվել է «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ համաձայնագիրը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը դառնում է Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» ծրագրին լիիրավ ասոցացված պետություն, և Հայաստանի գիտնականները իրավունք են ստանում օգտվելու Եվրոպական միության ամենամեծ՝ 95,5 մլրդ եվրո, ֆինանսավորում ունեցող գիտական համագործակցության ծրագրի ընձեռած հնարավորություններից:
Համաձայնագրի ստորագրմանը նվիրված առցանց հանդիպմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Համաձայնագիրը ՀՀ կողմից ստորագրել է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար և Բելգիայի Թագավորությունում արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանը, ԵՄ կողմից՝ Հետազոտությունների և նորարարության եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենի տեղակալ Սիգնե Ռացոն:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ մասնակցությունը «Հորիզոն-Եվրոպա» ծրագրին Հայաստանի ազգային գիտահետազոտական համակարգի զարգացման համար կարևոր քայլ է, նոր գիտելիքների ու փորձի ձեռքբերման հնարավորություն:
«Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է միջոցառումներ, որոնք կնպաստեն ծրագրին Հայաստանի գիտական հանրույթի մասնակցության ընդլայնմանը: Մենք լիահույս ենք, որ ծրագրի շնորհիվ հայաստանյան գիտական խմբերն ավելի մեծ ներդրում կունենան ժամանակակից գլոբալ մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտական աշխատանքներում»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել գործընթացում ներգրավված բոլոր կողմերին, այդ թվում՝ Եվրոպական միությունում ՀՀ դեսպանությանը՝ ի դեմս Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպան և Եվրոպական միությունում հայաստանյան ներկայացուցչության ղեկավար տիկին Աննա Աղաջանյանի, սեղմ ժամկետում համաձայնագրի վավերացման աշխատանքները կազմակերպելու համար:
«Հորիզոն Եվրոպա» ծրագիրը նախատեսված է 2021-27 թվականների համար: Մասնակցությունը ծրագրին հնարավորություն է տալիս հայ գիտնականներին ինտեգրվել եվրոպական գիտական տարածքում, օգտվել ԵՄ երկրների գիտական ենթակառուցվածքներից և դառնալ մասնակից համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններին:
«Հորիզոն Եվրոպա» ծրագիրը փոխարինելու է «Հորիզոն 2020» ծրագրին, որին Հայաստանը հաջողությամբ մասնակցել է 2016-2020 թթ.։ «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակում հայաստանյան գիտական խմբերի մասնակցությամբ ներկայացվել են 312 հայտեր, որոնցից վավեր են ճանաչվել 271-ը, և ֆինանսավորման են երաշխավորվել 35-ը: Ասոցացված երկրների շարքում Հայաստանի Հանրապետության մասնակցության հաջողության գործակիցը 11,81 տոկոս է:
«Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրին, ինչպես նաև միջազգային այլ ծրագրերին ՀՀ գիտնականների մասնակցությունը խթանելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ այս տարվա օգոստոսին վերաբացվել է Գիտական ծրագրերի ինտեգրման աջակցության կենտրոնը, որը հայտարարված մրցույթների մասին տեղեկատվությունը տարածում է գիտական շրջանակներում, հայտատուներին և ծրագրի հնարավոր շահառուներին, մատուցում է խորհրդատվական ծառայություններ, համակարգում է ծրագրի թեմատիկ ուղղություններով նշանակված ազգային կոնտակտային անձանց աշխատանքները:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության՝ նոյեմբերի 4-ի նիստում հաստատվել էր «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը ստորագրելու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկությունը: