Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի հետ հանդիպմանն անդրադարձել է հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության խնդրին
Նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Օդրի Ազուլեին պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ ՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենը գոհունակություն են հայտնել տարիների ընթացքում Հայաստանի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մշտապես գործադրել է առավելագույն ջանքերը՝ աջակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ին կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում ընդհանուր արժեքների վրա հիմվնած իր կարևոր առաքելությունն իրականացնելու գործում։ Այդ համատեքստում նա ընդգծել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում 2021-2025 թվականների համար Հայաստանի անդամակցության թեկնածությունը բխում է նաև այդ ջանքերի արդյունավետության բարձրացման նկատառումներից։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության խնդրին։
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ համամարդկային մշակութային ժառանգության մասը կազմող Արցախի հայկական պատմամշակութային կոթողների՝ Ադրբեջանի կողմից դիտավորյալ ոչնչացման և ինքնության խեղաթյուրման պայմաններում միջազգային հանրության կողմից կանխարգելիչ քայլերի իրականացումը ուղղակի հրամայական է։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածության, մասնավորապես՝ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակներում տարածաշրջան անկախ գնահատման առաքելություն ուղարկելու Գլխավոր տնօրենի առաջարկի իրականացման կարևորությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին