Հավանական պատժամիջոցների արդյունքում «Turkish Airlines»-ը հրաժարվել է Մինսկ տեղափոխել Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների
«Turkish Airlines» (Թուրքական ավիաուղիներ) ավիաընկերությունը խոստացել է իր ինքնաթիռներով Մինսկ չտանել Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիներին։ Այս մասին հինգշաբթի Twitter-ում հայտնել է Լեհաստանի առաջնորդի գրասենյակի խոսնակ Յակուբ Կումոհը, գրում է Tass-ը։
«Թուրքական ավիաուղիները հաստատել են, որ դեպի Մինսկ ինքնաթիռներում չեն ընդունելու Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիներին, բացառությամբ նրանց, ովքեր ունեն դիվանագիտական անձնագրեր»,- ասել է նա՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր մասնակցել են բանակցություններին։
Լեհաստանի իշխանությունները կարծում են, որ Բելառուսի ղեկավարությունը միտումնավոր ներգրավում է ներգաղթյալներին Մերձավոր Արևելքից իրենց երկիր, որպեսզի հետագայում նրանց ուղարկի Եվրամիության հետ սահման՝ ապակայունացնելով իրավիճակը ԵՄ-ում։ Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին, անդրադառնալով Լեհաստանի սահմանին ներկա միգրացիոն ճգնաժամի կարգավորմանն ուղղված միջոցառումներին, ասել էր ավիաընկերությունների, այդ թվում՝ բելառուսականների նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության մասին։
Լեհական ծառայությունների տվյալներով՝ Բելառուսում այժմ կարող է լինել մինչև 15 հազար միգրանտ, որոնցից 2-4 հազարը կենտրոնացած են Լեհաստանի սահմանների անմիջական մերձակայքում։ 2021 թվականին լեհ սահմանապահները կանխել են լեհ-բելառուսական սահմանն ապօրինի հատելու շուրջ 33 հազար փորձ։ Երկուշաբթի օրը իրավիճակը սրվեց՝ մի քանի հազար միգրանտներ մոտեցան սահմանին և պարբերաբար մեծ խմբերով փորձում էին ճեղքել արգելապատնեշներն ու մուտք գործել Լեհաստան։
Օրերս ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն հայտարարեց, որ ԵՄ-ն կուսումնասիրի, թե ինչպես պատժամիջոցներ սահմանել, այդ թվում՝ սև ցուցակի միջոցով, երրորդ երկրների ավիաընկերությունների նկատմամբ, որոնք ակտիվ են մարդկանց թրաֆիքինգի մեջ։ Ավիաընկերությունների թվում նշում էր «Turkish Airlines»-ը, «FlyDubai»-ը, «Aeroflot»-ը, «Belavia»-ն։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը, Բրիտանիան և ԵՄ երկրները ՄԱԿ-ի ԱԽ-ում Բելառուսին մեղավոր են ճանաչել միգրացիոն ճգնաժամի համար
- Թուրքիան հերքել է դեպի Բելառուս ներգաղթյալների տեղափոխմանը ներգրավված լինելու մեղադրանքները