Հայաստանում ծնված Ռոբին ռոբոտը TIME-ը ճանաչել է լավագույն գյուտ
TIME պարբերականը տարվա լավագույն գյուտ է ճանաչել Հայաստանում ստեղծված Ռոբին անունով ռոբոտին։ Պարբերականը բարձր է գնահատել Ռոբինի դերը հիվանդների կյանքի վրա ազդելու գործում՝ երեխաներից մինչև տարեցների խնամք։
«Այս մրցանակը վերահաստատում է խնամքի նոր չափանիշներ ստեղծելու և որակյալ խնամքը բոլորին հասանելի դարձնելու մեր հանձնառությունը: Փառք ողջ թիմին, որ դա տեղի ունեցավ: Եկեք խմենք նոր հետաքրքիր թարմացումների համար: Առաջ»,- TIME-ի գնահատականին այսպես է արձագանքել Ռոբին Ռոբոտ նախաձեռնության հիմնադիր Կարեն Խաչիկյանը։
Ռոբին ռոբոտը (Robin The Robot), առաջին հայկական AI (արհեստական բանականություն ունեցող) ռոբոտն է` պատրաստված Expper Technologies-ի թիմի կողմից։ Ռոբինի առաքելությունն է օգնել հոսպիտալացման մեջ գտնվող երեխաներին հաղթահարել սթրեսը և ավելի թեթև տանել բուժումը։
«Երբ Հայաստանի կլինիկաներից մեկում թոքաբորբով 8-ամյա հիվանդն արդեն երկու օր ոչինչ չէր կերել, բուժանձնակազմը նոր դեմք բերեց նրա սենյակ՝ Ռոբին Ռոբոտին: Մոտ 20 րոպե սիրելի կենդանիների մասին զրուցելուց և խաղալուց հետո Ռոբինը հրաժեշտ տվեց երեխային՝ խոստանալով վերադառնալ միայն այն դեպքում, եթե հիվանդը խոստանա ուտել»,-իր հոդվածում գրել է TIME-ը։
Պարբերականը ներկայացրել է ռոբոտի արտաքինը՝ խոշոր աչքեր ու կենսուրախ դեմք ունի։
«Նպատակն էր ստեղծել տեխնոլոգիա, որը ոչ միայն սարք է, այլ հասակակից և ընկեր»,- ասել է Կարեն Խաչիկյանը՝ Ռոբինի հպարտ ծնողը:
Ռոբոտը նման է Pixar-ի իրական կերպարին, որը կարող է ճանաչել երեխայի հույզերը և արձագանքել՝ հիմնվելով պահպանված հիշողության վրա, նույնիսկ պարզ ձևով բացատրելով բժշկական պրոցեդուրաները:
Ռոբինն արդեն օգտագործվում է աշխարհի 12 բուժհաստատություններում, առաջիկա 12 ամիսներին նախատեսվում է նրա ներկայությունն ապահովել ԱՄՆ ևս 100 հիմնարկներում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան