Երևանում կկայանա տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառությանը նվիրված Silicon Mountains գագաթնաժողովը
Նոյեմբերի 19-ին Մատենադարանում կկայանա SILICON MOUNTAINS 2021 տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովը, որը նվիրված է տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառությանը (Digital Smart Economy)։
Արդեն երկրորդ անգամ միջոցառման կազմակերպիչն է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը։ Գագաթնաժողովի շրջանակներում կքննարկվեն խելացի լուծումների կիրառման և տնտեսության թվայնացման հեռանկարները։
Գագաթնաժողովի հատուկ հյուրն է լինելու Սինոփսիս վերազգային ընկերության նախագահ Դր․ Չի-Ֆուն Չանը (Chi-Foon Chan), ով ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020 թվականի (GIT Award 2020) մրցանակակիրն է։
Այս մասին հայտարարվել է Մատենադարանի նիստերի դահլիճում այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, որին մասնակցում էին «Յունիքոմփ» ՓԲԸ գլխավոր տնօրեն և ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամ, Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը և «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Գագաթնաժողովի գլխավոր հովանավորը «Յունիքոմփ» ընկերությունն է, իսկ աջակիցներն են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն ու «ԱԿԲԱ բանկ»-ը:
«SILICON MOUNTAINS-ը Սիլիկոնյան հովտին մեր համարժեք պատասխանն է՝ դեռ միայն գագաթնաժողովի տեսքով: Այն խոսում է մեր դիրքավորման մասին, թե որտեղ ենք ցանկանում լինել գլոբալ տեխնոլոգիական քարտեզի վրա՝ ցույց տալով մեր երկիրը որպես բարդ ինժեներական լուծումներ առաջարկող և արտահանող երկիր: Հայաստանի ամենակարևոր խնդիրներից է գնալ թվային լուծումները ակտիվ կիրառելու և արտահանելու ուղղությամբ: Մենք աշխարհում կարող ենք մրցակցային լինել միայն որակյալ ինժեներների առկայության պարագայում»,- նշել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:
«Գագաթնաժողովն իրենից ներկայացնելու է բիզնեսի գլխավոր դեմքերի հանդիպում և բաց քննարկում: Ընկերությունների ղեկավարները կներկայացնեն իրենց փորձը, ծրագրերը՝ դառնալով օրինակ այլ բիզնեսների համար: Այսօր կան ոլորտներ, որոնք քիչ կապ ունեն ժամանակակից տեխնոլոգիաների հետ և չունեն զարգացման համար անհրաժեշտ ողջ ինֆորմացիան: Հարկավոր է հնարավորինս արագ փոխանցել այդ տեղեկատվությունը, որպեսզի բիզնեսները մրցունակ մնան միջազգային շուկայում», - ընդգծել է «Յունիքոմփ» ՓԲԸ գլխավոր տնօրեն և ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը:
«Այս գագաթնաժողովը հստակ թիրախ ունի՝ տնտեսության տարբեր ճյուղերում տեղեկատվական տեխնոլոգիաները որպես գործիք օգտագործելու գործոնը, ինչը Հայաստանում, ցավոք, այնքան էլ բարվոք վիճակում չէ: Կարծում ենք, որ տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող մեր գործարարները պետք է նմանատիպ միջոցառումների մասնակցեն, որպեսզի ընդհանուր տնտեսության թվայնացման վերաբերյալ ունենան պատկերացումներ, ինչպես նաև համագործակցության եզրեր գտնեն միմյանց հետ»,- նշել է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը, հավելելով, որ դեռ խորհրդային տարիներին Հայաստանը յուրահատուկ Սիլիկոնյան հովիտ էր և այժմ հարկավոր է վերականգնել այդ ավանդույթը՝ տեխնոլոգիական զարգացման միջոցով:
«Մենք պետք է մտածենք մեր երկրի թվային ապագայի, թվային տնտեսություն ունենալու մասին: Պետք է հասկանալ, թե թվային տնտեսություն ունենալու ճանապարհին ինչպես պետք է զարգանա գործարար աշխարհը: Պետք է սկսել մտածել նոր պրոդուկտների և ծառայությունների ստեղծման և արտահանման մասին»,- նշել է «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
«ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխությունը կհամընկնի Silicon Mountains գագաթնաժողովի հետ: ՏՀՏ ոլորտը որակապես նոր մակարդակի բարձրացրած բացառիկ անհատականություններից ու մերօրյա կենդանի լեգենդներից մեկը, ով հյուրընկալվելու է մեր երկրում, իր ներկայությամբ մեծապես կխթանի երիտասարդության ուշադրությունը գագաթնաժողովի հանդեպ, որտեղ պետությունը, ոլորտի ընկերություններն ու մասնագետները կքննարկեն Հայաստանի թվային օրակարգին ու ապագային առնչվող հարցեր: Մենք բոլորս համատեղ մեծ անելիք ունենք. պետք է խրախուսենք նորարար մտածելակերպը, պետք է ամրապնդենք երիտասարդների հավատը սեփական ուժերի ու կարողությունների հանդեպ: Այսօր առավել, քան երբևէ, մեզ անհրաժեշտ է ներդնել օր ու գիշեր աշխատելու, սեփական, այլ ոչ թե՝ ուրիշի տրորած արահետով քայլելու արտադրողականության մշակույթն ու արժեհամակարգը»,- ասել է Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հարակից հրապարակումներ`
- «+100 րոպե». խոսի՛ր ավելի շատ Վիվա-ՄՏՍ-ում
- Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունը՝ 300 դրամ՝ նախկին 500 դրամի փոխարեն
- Վիվա-ՄՏՍ. Գանձաքարում կիսակառույցի խնդիր կլուծվի
- Վիվա-ՄՏՍ. Գնիշիկ բնակավայրում վայրի ծառատեսակներ են տնկվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան