Վրեժխնդրությո՞ւն Շուշիի մոտ. ԱԱԾ-ն դեռ մանրամասներ չի հայտնում
«Այս պահի դրությամբ ճշտումներ են իրականացվում Շուշիի մոտակայքում հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ»,- Panorama.am-ի հետ զրույցում հայտնեցին Արցախի ԱԱԾ-ից։
ԱԱԾ-ից ասացին, այս պահին եղած տեղեկությունները հստակ չեն, դրանք ամեն րոպե կարող են փոփոխվել։
Միջադեպի հետևանքով զոհերի վիրավորների մասին հարցին ԱԱԾ-ից նույն պատասխանը տվեցին՝ չենք կարող տեղեկեություններ տալ։
Տարածված լուրերի համաձայն, միջադեպն օրեր առաջ Շուշիում ադրբեջանցու կողմից արցախցի երիտասարդի սպանության հետ կապ ունի։ Սպանված 22-ամյա երիտասարդի հարազատներից մեկը փորձել է վրեժխնդիր լինել ադրբեջանցիներից։
Արցախի ՆԳՆ տարածած հաղորդագրության համաձայն, հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով, այս պահին Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է:
Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ, հակառակորդ կողմի հետ վարում են բանակցություններ՝ երթևեկն անխափան կազմակերպելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Շուշի քաղաքի մերձակա խաչմերուկում ադրբեջանցի զինծառայողի կողմից կրակոցներ են արձակվել ջրատար խողովակների վերանորոգման աշխատանքներ իրականացնող՝ «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ աշխատակիցների վրա: Կրակոցների հետևանքով մեկը տեղում մահացել է, իսկ երեք հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն: Վերջիններս վիրավորումը ստացել են կրծքավանդակի և պարանոցի հատվածում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՆԳՆ. Միջադեպի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը փակ է
- ՌԴ ՊՆ․ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննում է Շուշիի միջադեպը
- Շուշիի մոտ ադրբեջանական կրակոցներից տուժած քաղաքացիները մանրամասներ են պատմում
- Ադրբեջանցի զինծառայողն անցնել է Արցախի «Շուշիի տակ» տեղանք, կրակոցներ արձակել ջրատար խողովակի վերանորոգում իրականացնող անձանց ուղղությամբ. ԱՀ ՔԿ