Դավիթ Պիպոյան. Պարենային անվտանգության խնդիրներն առաջնային են
Սյունիքի մարզի Գորիս-Կապան հատվածում ադրբեջանական մաքսակետերի տեղադրման համար ճանապարհը փակելու հետևանքով երեք գյուղերի հացի մատակարարման հետ կապված խնդիրներ առաջացան։
Պարենային իրավունքի մասնագետ, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը Panorama.am-ի հետ զրույցում ստեղծված իրավիճակը ողբերգական է որակում։
«Տարիներ շարունակ խոսել ենք պարենային ապահովության, ինչպես նաև պարենի ֆիզիկական և տնտեսական հասանելիության մասին։ Բայց կարծես մարդիկ մոռացել էին պարենի ֆիզիկական հասանելիության խնդրի մասին և գուցե աներևակայական էին համարում 21-րդ դարում նման խնդրի բախվելը։ Բայց ինչպես տեսնում եք, մեր եղած խնդիրներին ավելանում են նոր մարտահրավերներ, ինչը ևս մեկ անգամ ընգծում է, որ պարենային անվտանգության խնդիրներն առաջնային են»,- ասում է գիտնականը։
Պիպոյանն ընդգծում է՝ մասնավորապես հացի պարագայում գործ ունենք մեր ազգաբնակչության սննդակարգի կարևորագույն մթերքներիc մեկի հետ, որն օգտագործում են պրակտիկորեն բոլորը։
«Հիմա շտապ անհրաժեշտ է գտնել հրատապ լուծումներ։ Բայց առանց իրավիճակի մանրամասն գնահատում իրականացնելու անշնորհակալ գործ կլինի առաջարկ անելը»,- ասում է Պիպոյանը։
Միաժամանակ նա հիշեցնում է, որ գյուղական համայնքներն ավելի շատ օգտագործում են տանը պատրաստված հաց, և ավելի քիչ կախվածություն ունեն արտադրական հացից, սակայն Հայաստանի պարագայում գյուղական, բնական թթխմորով պատրաստվող հացի մշակույթը կամաց֊կամաց դուրս է մղվել։
«Դա նշանակում է, որ տեղում պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի իրավիճակը և լոկալ լուծումներ տրվեն, այլապես այս համայնքի բնակիչները մշտապես բախվելու են խնդրին։ Պարենային իրավունքը պարենի ֆիզիկական և տնտեսական հասանելիությունն է։ Հիմա եթե մարդը չունի պարենի ֆիզիկական հասանելիություն, նշանակում է չի երաշխավորում իր իրավունքը»,- նշում է պարենային իրավունքի մասնագետը։
Հիշեցնենք, որ ՄԻՊ Արման Թաթոյանն ահազանգել էր, որ նոյեմբերի 11-ին Գորիս համայնքի Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերում մեծ դժվարությամբ է կազմակերպվել հացի մատակարարումը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած տվյալներով նշված գյուղերին այդ օրը հացը մատակարարվել է ժամը 16:00-ից հետո՝ Գորիսի համայնքային մարմինների լրացուցիչ ջանքերով:
«Նշված բնակավայրերում արդեն իսկ առաջ են եկել սննդամթերքի (հաց և այլ պարենային ապրանքներ) ու առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական օգնության և սպասարկման հասանելիության լուրջ սահմանափակումներ՝ մարդկանց կանգնեցնելով հումանիտար ճգնաժամի իրական վտանգի առաջ»,- նշել էր ՄԻՊ-ը։
Սյունիքի մարզպետարանը երեկ հայտարարություն էր տարածել՝ նշելով, այդ գյուղեր հաց կհասցվի ԱԻՆ մարզային կառույցի ավտոմեքենայով։
«Այսուհետ ևս ամենօրյա ռեժիմով կկազմակերպվի գյուղեր սնունդ հասցնելը»,- ասել էին մարզպետարանից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան