Խաղաղ բնակչին թշնամին սպանում է, և սա մնում է անարձագանք. Վահրամ Բալայան
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանն, անդրադառնալով Ադրբեջանական հենակետի վրա Արցախի քաղաքացու կողմից նռնակ նետելու միջադեպին, ասաց, որ ընդհանուր առմամբ թշնամու կատարած հանցագործությունների անպատժելիությունը ծնում է մեկ նոր հանցագործություն։
«Խոսքն այն մասին է, որ ադրբեջանական կողմը վերջին շրջանում իր հաջողություններով շլացած՝ դիմում է տարբեր սադրիչ գործողությունների։ Այսինքն՝ ամեն ինչ անում են ու մնում են անպատիժ։ Սովորական խաղաղ բնակիչը, որը զբաղվում էր շինաշխատանքով, թշնամին սպանում է, և սա մնում է անարձագանք։
Ի վերջո, այդ սպանված խաղաղ բնակիչն ունի հարազատներ, հայրենակիցներ, որոնք նման ձևով պետք է արձագանքեին։ Հայկական կողմը պետք է հետամուտ լինի, որպեսզի նոյեմբերի 8-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ադրբեջանական կողմից հանցագործը հանձնվի հայկական կողմին, քանի որ միջադեպը տեղի է ունեցել Արցախի տարածքում, և համապատասխան նորմերի շրջանակներում դատական գործընթաց տեղի ունենա։ Այս պահին քանի դեռ նման բան տեղի չի ունեցել, բնականաբար, ադրբեջանական կողմն առիթից օգտվելով՝ ավելի սանձարձակ է դառնալու»,- նշեց Վահրամ Բալայանը։
Նրա կարծիքով՝ բոլոր այս միջադեպերը խոսում են այն մասին, որ Արցախի հիմնահարցը կարգավորելու անհրաժեշտություն կա, հակառակ դեպքում նման միջադեպերը շարունակվելու են և ավելի հաճախակի բնույթ ստանան։
«Սա ինչ-որ տեղ նախազգուշացում է հայկական և ադրբեջանական կողմերին, ինչպես նաև միջնորդ պետություններին, որպեսզի ապահովեն հարցի շուտափույթ կարգավորում, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն լինի։ Մեր քաղաքացու արարքը բնական ռեակցիա է, որովհետև երբ հանցագործությունը և հանցագործը չեն պատժվում, ապա ընդունված ու ավանդական կարգի համաձայն՝ մարդը փորձում է ինքն իր հարցերը լուծել։ Հանցագործությունները պետք է ժամանակին պատժվեն, որպեսզի մարդիկ նման քայլերի չդիմեն»,- Ըստ կայքի նշել է Վահրամ Բալայանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան