Ապօրինաբար տեղի է ունենում սահմանազատում՝ ՀՀ իշխանությունների հանցավոր անգործության կամ հանցավոր համաձայնության պայմաններում. «Հայաստան»
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում նշված է.
«Հարգելի հայրենակիցներ,
Մենք ուշադրությամբ ու անհանգստությամբ հետևում ենք Հայաստանի հարավ-արևելյան սահմաններից ստացվող տեղեկություններին, որոնք հակասական են ու խիստ մտահոգիչ: Տեղեկություններ կան, որ թշնամին որոշակի առաջխաղացում է ունեցել հարավ-արևելյան սահմանի ուղղությամբ, եղել է փոխհրաձգություն: Հստակ չէ ՊՆ-ի հաղորդագրությունը, թե իրականում ինչ պատկեր ունենք այդ հատվածում:
ՀՀ ապիկար իշխանությունների կցկտուր և ոչ օպերատիվ արձագանքը միջադեպերի վերաբերյալ ստիպում է ՀՀ քաղաքացիներին օգտվել թշնամու տեղեկատվական աղբյուրներից: Ըստ այդմ՝ պահանջում ենք, որպեսզի համապատասխան պետական մարմիններն ամբողջական ու օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրեն և պատասխանեն մի շարք հարցերի:
Մասնավորապես, անդրադառնան այն հարցին, թե ինչպիսի՞ն է օպերատիվ իրավիճակը նշյալ հատվածում: Նաև պատասխանեն, թե ինչպե՞ս եղավ, որ թշնամին Սյունիքի մարզի Ճակատեն համայնքի հատվածում անարգել հենակետ տեղադրեց ու հիմա իրականացնում է ինժեներական աշխատանքներ: Կա՞ արդյոք գործողությունների ծրագիր, որպեսզի այդ հատվածում ևս չհայտնվեն ադրբեջանական մաքսային անցակետեր և մեր մի քանի համայնքներ փաստացի չհայտնվեն շրջափակման մեջ՝ կտրվելով ռազմավարական նշանակության ճանապարհից:
«Խաղաղության դարաշրջանի» մասին խոսող, իսկ փաստացի ՀՀ ինքնիշխանությանը սպառնացողն ինչո՞ւ բացատրություններ չի տալիս ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Սպասում է, որպեսզի մեզ համար անցանկալի գործընթացներ տեղի ունենան, փաստի առաջ կանգնենք ու դրանից հետո միայն հանդես գա հերթական դեմագոգիկ բացատրությա՞մբ:
Ադրբեջանցիների վարքագիծը ցույց է տալիս, որ ապօրինաբար ու փաստացի տեղի է ունենում սահմանազատում՝ հայ ժողովրդից թաքուն, հակառակ ՀՀ պետական շահերին, ՀՀ իշխանությունների հանցավոր անգործության կամ հանցավոր համաձայնության պայմաններում»:
Հարակից հրապարակումներ`
- Կապան-Ճակատեն ավտոճանապարհին Ադրբեջանը նոյեմբերի 15-ից կտեղակայի անցակետ. ՀՀ ԱԱԾ
- ՊՆ-ն հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղության մասին
- Կապան-Ճակատեն հատվածում ադրբեջանցիները հենակետ են տեղադրել, վրաններ խփել, պիկապներ բերել
- Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն. ՊՆ
- Կապանից Ճակատեն ճանապարհին ադրբեջանական «մաքսակետը»՝ 6 գյուղերի բնակչության իրավունքների կոպիտ ոտնահարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան