Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում քննարկվել է Արցախում տիրող իրավիճակը
Նոյեմբերի 8-13-ը, նախագահությամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով, հայտնում են Մայր Աթոռից։
Ժողովի նիստերը վարել են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Ժողովին հրավիրված էր մասնակցելու Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը։
Գերագույն հոգևոր խորհուրդն անդրադարձել է արցախյան պատերազմի հետևանքներին և դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Այս առումով Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը և առկա մարտահրավերները՝ ի մասնավորի կարևորելով հոգևոր, հոգեբանական և հումանիտար աջակցությանն ուղղված ծրագրերի իրականացումը։ Առաջնորդ Սրբազանը կարևորել է նաև Հայաստանից դեպի Արցախ պարբերաբար ուխտագնացությունների կազմակերպումը։ Վրթանես Սրբազանը անդրադարձավ Արցախի թեմում սպասավորող քահանաների սոցիալական և հովվական ծառայությանը, ընդգծելով այդ առաքելության կարևորությունն ի նպաստ Արցախի մեր ժողովրդի հոգևոր կյանքի զորացման։
Ժողովին քննության են առնվել նաև Մայր Տաճարի հիմնանորոգության և ամրակայման աշխատանքները, որոնց վերաբերյալ տեղեկություններ փոխանցեց Մայր Աթոռի վանական խորհրդի ատենապետ և լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Գերագույն հոգևոր խորհրդի անդամները ծանոթացան նաև տաճարի նորոգության ժամանակ ի հայտ եկած խնդիրներին: Տեղեկացվել է, որ, նկատի ունենալով վերականգնման և բարեկարգման աշխատանքների ընդհանուր ծավալը և առաջացած նոր խնդիրները, Մայր Տաճարի հիմնանորոգության աշխատանքները հնարավոր կլինի ավարտին հասցնել 2022 թվականին:
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հետ հոկտեմբերի 13-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանն անդրադարձել է Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումները կարևոր ձևաչափ են արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման և հետպատերազմյան շրջանում առաջացած մարտահրավերները հաղթահարելու գործում։ Սրբազան Հայրն անդրադարձ է կատարել եռակողմ հանդիպման ընթացքում Վեահափառ Հայարապետի կողմից բարձրացված խնդիրներին և կարևորեց Նորին Սրբության ներդրած ջանքերը՝ ուղղված ռազմագեիների վերադաձին, Արցախի անվտանգությանը, մշակութային կառույցների ու սրբավայրերի պահպանությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան