Տեղի ունեցավ Աղասի Ենոքյանի «Սպանել վիշապին» վիպակի շնորհանդեսը
«Փոքր Մհերը, Զորավար Անդրանիկն ու Վանոն որոշում են Հայաստանն ազատագրել Վիշապից՝ չարից։ Գեներալն ու Գնդապետը Հայաստանը կործանելու պլաններ են իրականացնում»։ Սա քաղաքագետ Աղասի Ենոքյանի «Սպանել վիշապին» քաղաքագիտական ավանդապատման սցենարն է։
Վիպակի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր Երևանում։ Միջոցառմանը ներկա էին հասարակական, քաղաքական գործիչներ։
Ենոքյանը ցավով նշեց՝ գիրքն արդեն տպարանում էր, երբ իմացավ դրա հերոսներից մեկի՝ Վանո Սիրադեղյանի մահվան մասին։
Հեղինակն ասաց, քաղաքագիտական ավանդապատումը գրելու երկու պատճառ կար. առաջինը՝ կորոնավիրուսի համավարակն էր, որ տներում էր փակել մարդկանց, երկրորդը՝ հայ հասարակության չափազանց ապաքաղաքական լինելը։
«Միգուցե զարմանալի թվա այս հայտարարությունը, քանի որ երկրորդ բաժակից հետո մարդիկ սկսում են խոսել քաղաքականության, Նիկոլի մասին։ Բայց խնդիրն այն է, որ բոլորը խոսում են, ոչ ոք չի կարդում, չի լսում քաղաքականության մասին։ Ես որոշեցի գտնել մի հենք, որտեղ կարելի է ներկայացնել քաղաքական պրոցեսներ, տեսություններ։ Այս ամենն ավելի մատչելի դարձնելու համար գրվեց գիրքը»,-ասաց Աղասի Ենոքյանը։
Ֆանտազիայի, դիցապատման, լրտեսական պատմությունների, հումորի հենքի վրա գրքում ներկայացված են մի շարք քաղաքագիտական տեսություններ ու իրադարձություններ։
Մեկնաբանվել են 2016 թ.Ապրիլյան պատերազմը, ՊՊԾ գնդի գրավումը, 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունը, 44-օրյա պատերազմը, նորագույն պատմության մի շարք այլ դրվագներ։
Գրքում ներկայացված են նաև հնարավոր քաղաքական զարգացումները։
Ենոքյանը խոստովանեց՝ վիպակը սկզբում պատկերացնում էր որպես ռադիոպիես, երկխոսությունները շատ էին։ Հետո կրճատեց ու վիպակի վերածեց։ Առայժմ չգիտի՝ այն շարունակություն կունենա՞, թե՞ ոչ։
ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր, մի քանի գրքերի հեղինակ Նարեկ Մալյանն իր խոսքում նշեց, հեղինակն իր գրքում կարողացել է համատեղել սոցռեալիզմը, պոստմոդեռնիզմը, պուբլիցիզմը, ֆուտուրիզմի որոշ տարրեր։
Մալյանը խոսեց նաև Աղասի Ենոքյանի «Սպանել վիշապին» ու Եվգենի Շվարցի «Վիշապը» գրքերի տարբերությունների մասին։
Միջոցառման մանրամասները՝ տեսանյութում։
Միջոցառման ընթացքում արված լուսանկարների շարքը՝ ներքևում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան