«Osservatorio Balcani e Caucaso». Ուղևորություն դեպի Լեռնային Ղարաբաղ
Եվրոպայի սահման Լեռնային Ղարաբաղը արդեն շուրջ 20 տարի մոռացված հակամարտության թատերաբեմ է: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ կատարած այցելությանը OBC վերլուծական կենտրոնի իտալալեզու բաժնում գրում է Սիմոնե Զոպպելարոն:
Հոդվածի սկզբում հեղինակը նկարագրում է Երևանից Լեռնային Ղարաբաղ տանող վեց ժամ տևողությամբ ճանապարհը, որի ավարտին, ըստ հեղինակի, արդեն կարելի է զգալ լեռնային լանդշաֆտից եկող քամին:
Անդրադառնալով Շուշի քաղաքին՝ հեղինակը նկարագրում է վերականգնված Շուշին՝ շեշտելով, որ թեև քաղաքը Ստեփանակերտից քիչ հեռավորության վրա է գտնվում, բայց այստեղ բնակարանների գները ավելի էժան են: Հեղինակը նաև նկատում է Շուշիի նոր կառուցված շինությունները, զբոսաշրջային կենտրոնը և քաղաքային շուկան:
«Շուշին գտնվում է բարձունքի վրա, որից ժամանակին ադրբեջանական զորքերը գիշեր ու ցերեկ ռմբակոծում էին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը: Այդ իսկ պատճառով էլ Շուշին Ղարաբաղյան պատերազմի հանգուցային կետերից էր: Շուշիի ազատագրումը շրջադարձային նշանակություն ուներ, ուստի այստեղ բոլորը մեծ հուզականությամբ են հիշում այդ ամենը: Քաղաքի մուտքի մոտ T-72 տանկն էլ հայերի հաղթանակի խորհրդանիշն է»,- գրում է հեղինակը:
Շուշիի մասին տպավորությունները ներկայացնելուց հետո հոդվածագիրը անդրադառնում է Ստեփանակերտին:
«Շուշիից 10 կմ հեռավորության վրա գտնվում է մայրաքաղաք Ստեփանակերտը, որն ունի շուրջ 50 000 բնակչություն: Այստեղ են գտնվում նաև երկրի կառավարությունը և խորհրդարանը: Այստեղ բոլորն էլ կռվել են և բոլորն էլ ունեն բարեկամներ կամ ընկերներ, ովքեր զոհվել են պատերազմում: Այդուհանդերձ, քաղաքի մթնոլորտը որևէ բանով չի տարբերվում աշխարհի մյուս կետերում տիրող մթնոլորտից: Հանրապետության հրապարակում, որն ուղիղ քաղաքի սրտում է, նույնիսկ ցերեկային ժամերին է հնարավոր լսել ծղրիդների ձայները: Պատերազմում վնասներ կրած քաղաքում նշանակալի վերականգնողական աշխատանքներ են իրականացվել. Կան մանկական խաղահրապարակներ, հիանալի ռեստորաններ, գարեջուր առաջարկող փաբեր, հյուրանոցներ, պետական մարմինների շինություններ, ցայտաղբյուրներ և նույնիսկ ոչ այնքան մեծ զբոսաշրջային կենտրոն: Պատերազմի մասին հիշեցնող որևէ բան չկա, չկա նաև հակաադրբեջանական որևէ պաստառ ու գրություն, ոչ մի ավելորդ ճոխություն, պարզապես ապրելու կամք է տիրում քաղաքում»,- գրում է հեղինակը:
Այդուհանդերձ հեղինակը, եզրափակելով նկատում է, որ ցավալիորեն պատերազմն այնքան էլ հեռու չէ այդ ամենից և կան տեղեր, որտեղ կարելի է զգալ դրա շունչը:
«Չնայած Եվրոպայի անտարբերությանը այս վայրերում մեծագույն համակրանքի զգացում կարելի է ունենալ, քանի որ Կովկասը Եվրոպա է, մի գուցե նրա ծայրագույն սահմանն է, բայց և անհնար է այն որևէ այլ ձևով կոչել»,- գրում է հեղինակը: