Այս հետապնդումը քաղաքական է. Արթուր Սարգսյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը Ազգային ժողովում աշխատելիս է եղել և լրատվամիջոցներից է իմացել, որ իրեն կալանավորելու որոշում է կայացվել:
«Ոչ ես, ոչ իմ փաստաբանները ծանուցված չենք եղել, որ այսօր նիստ կա։ Իմացել ենք, որ նոյեմբերի 12-ին նիստ կա, փաստաբանը միջնորդել է, որ այդ օրն ինքն այլ դատ ունի։ Երկու օրվա մեջ դատավորին փոխել են, և դատավոր է նշանակվել հանրահայտ Արմեն Դանիելյանը։ Կարծում եմ, որ էլ մեկնաբանությունների կարիք չկա, այսպես էլ պետք է լիներ։ Այս հետապնդումը քաղաքական է», - «Վարդաշեն» ՔԿՀ դիմաց լրագրողներին ասաց Արթուր Սարգսյանը, ով անձամբ է ներկայանալ կալանավայր:
Նա նշեց՝ ոգին տեղն է, ոչինչ չի փոխվելու, թեկուզ, մի ամիս էլ նստի:
«Դեկտեմբերի 29-ին այս գործի վաղեմության ժամկետը լրանում է և դատախազի միջնորդությամբ ինձ պետք է բաց թողնեն։ Բայց, կարծում եմ, որ այս մեկ ամիսը իշխանությունների համար կարևոր է, որ ես լինեմ կալանքի մեջ», - ասաց Արթուր Սարգսյանը։
Կալանավորման հապճեպությունը, ըստ նրա, պայմանավորված է սահմանի իրավիճակի, պաշտպանության նախարարի փոփոխության հետ։
«Իմ՝ ազատության մեջ մնալը խանգարում է այսօրվա իշխանությունների կատարելիք ծրագրերին»,- ասաց Արթուր Սարգսյանը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը հոկտեմբերի 14-ին գրավի դիմաց ազատ էր արձակվել, ինչը բողոքարկվել էր Վերաքննիչ դատարան։ Դատավոր Արմեն Դանիելյանն այսօր Արթուր Սարգսյանին կրկին կալանավորելու որոշում է կայացրել։
Արթուր Սարգսյանի պաշտպան Էմիլ Խաչատրյանն ասաց, որ թեև չեն ծանոթացել դատական ակտին, բայց վստահ կարող է ասել՝ ապօրինի դատական ակտ է:
«Բացի Վճռաբեկ բողոք ներկայացնելուց, մեր այլ իրավունքներից կօգտվենք, հնարավոր է նաև հաղորդում տանք հանցագործության մասին ակնհայտ ապօրինի դատական ակտ կայացնելու վերաբերյալ:
Ոչ ծանուցված ենք եղել դատական նիստի, օրվա մասին, որոշումը չենք ստացել: Դատավորը ջանք, իրեն չխնայելով՝ փորձել է կատարել այս ամեն ինչը»,- ասաց Է.Խաչատրյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ասաց, որ պատգամավորի կարգավիճակ ունի Արթուր Սարգսյանը և ուղևորվում է «Վարդաշեն» ՔԿՀ:
«Բառերը չեն հերիքում բնութագրելու սրա աբսուրդի, խայտառակության աստիճանը: Ուզում եմ հասկանալ՝ ժողովրդավարության ինչ-որ տարր, Սահմանադրության ինչ-որ նշույլ պահպանվո՞ւմ է: Ես չեմ կարողանում գտնել: Խայտառակության ուրիշ նշաձող է:
Այսպես չի եղել երբևէ: Նախկինում եղել են լուրջ, ծանր խնդիրներ, բայց այսպիսի վիճակ երբեք չի եղել: Գործող պատգամավորին դատավոր Արմեն Դանիելյանի մակարդալով բերել նորից կալանավորել, ախր...»,- ասաց Վարդևանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանի վրեժխնդրությունն է Արթուր Սարգսյանի, մնացած կալանավորված քաղաքապետերի նկատմամբ. Վահե Հակոբյան
- Կալանավորել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին