Արամ Փախչանյան. Գիտության վերաբերյալ առաջարկվող օրենսդրական փոփոխությունները ծայրահեղ վտանգավոր են
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները խիստ մտահոգել են գիտական համայնքի ներկայացուցիչներին, գիտության զարգացման աջակցողներին ու դրա ջատագովներին։
ԿԳՄՍ նախարարության կողմից շրջանառության մեջ դրված նախագծերով առաջարկվող փոփոխությունների, դրանց հնարավոր հետևանքների մասին Panorama.am-ը զրուցել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ABBYY ընկերության փոխնախագահ, «Գիտուժ» նախաձեռնության աջակից Արամ Փախչանյանի հետ։
Panorama.am-Պարոն Փախչանյան, Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխություններին դեմ է քվեարկել 3237 մարդ։ Դուք նույնպես դեմ եք նախագծի այդ տեսքով ընդունմանը։ Ինչո՞ւ։
Արամ Փախչանյան-Ես դեմ չեմ նախագծին ամբողջապես,այնտեղ կան դրական ու լավ մշակված կետեր։ Բայց նաև կա մի անհասկանալի դրույթ, որը հիմնավորված չէ ու վտանգավոր է, անիրականանալի է մոտակա ժամանակներում։ Խոսքը Ակադեմիայի ինստիտուտների համար կառավարման խորհուրդների ձևավորման մասին է, շատ տարօրինակ գաղափար է այդ խորհուրդներում աշխատակիցների ներառումը։ Այդ դրույթում սիրողական մակարդակի ինչ-որ գաղափարներ են ներառված, հաշվի չի առնված, որ ԳԱԱ-ն լուրջ բարեփոխումների է ենթարկվում, ակադեմիայի նոր ղեկավարները միջազգային մակարդակով բարձր արդյունավետություն ունեցող գիտնականներ են, ունեն բազմաթիվ հրապարակումներ, պատրաստակամ են ակտիվորեն բարեփոխումներ իրականացնել ակադեմիայում, այդ թվում գերազանցության կենտրոններ ստեղծելու գաղափար ունեն, ինչը նշանակում է, որ բազմաթիվ ոլորտներում զարգացման հույս կարող ենք ունենալ։ Այդ ամենը մեծ վտանգի տակ է դրվում առանց հստակ պատճառաբանության, հավանաբար ինչ-որ նեղ խմբի կողմից առաջարկված չմշակված գաղափարի հիման վրա։ Մենք դրան կտրուկ դեմ ենք, քանի որ այն ծայրահեղ վտանգավոր քայլ է, որը մեծ վնաս կհասցնի գիտությանը, կկործանի մեր բոլոր ջանքերը, որոնք ուղղված են Հայաստանում գիտության վերակենդանացմանը։
Panorama.am -Օրինագծերի մշակման ընթացքում առաջարկվող փոփոխությունները, լրացումները սովորաբար քննարկվում են շահառու խմբերի հետ։ Ինչպես հասկանում եմ, նախագիծը չի քննարկվել գիտական համայնքի ներկայացուցիչների հետ։
Արամ Փախչանյան-Գիտեք, ես կասեմ, չգիտեմ, թե գիտնականներից ում հետ են զրուցել այս նախագիծը մշակող մարդիկ։ Միգուցե նրանք կարող են ասել, որ գտել են երկուսուկես գիտնական և նրանց հետ ինչ-որ քննարկումներ են ունեցել։ Բայց ովքե՞ր են այդ գիտնականները, ի՞նչ փորձ ունեն, ի՞նչ վարկանիշ ունեն, կիսո՞ւմ են արդյոք այն տեսլականը, որն ունի պետությունը գիտության զարգացման վերաբերյալ, ե՞րբ են եղել այս առաջարկները։
Խնդիրն այն է, եթե դու չաշխատող կառույցի համար ձևավորում ես առանց մեծ փորձ ունեցող մարդկանցով կառավարման խորհուրդ, որում ընդգրկված է այդ չաշխատող կառույցի ներկայացուցիչը...չաշխատող ի՞նչ է նշանակում, որ այդ կառույցի գիտնականը կամ գիտաշխատողը որևէ գիտական արդյունք չեն տալիս։ Այդ կառույցին ինքնուրույնություն տալը նույնն է, ինչ այդ կառույցը ոչնչացնելը։ Սա կարող է լինել միջոց այդ կառույցը հեշտությամբ փակելու համար։ Միգուցե դա շատ ոգևորիչ է, քանի որ այդ գիտական կազմակերպություններն ունեն լավ տարածքներ, շենքեր, ենթադրում եմ, որ նման հետաքրքրություններ կլինեն, սա ասում եմ, որպես ևս մի վտանգ, բայց նման փոփոխության դեպքում առողջացման որևէ հնարավորություն չի լինի։
Նույնիսկ եթե բիզնեսում խնդիրներ են լինում, արտաքին կառավարիչ են նշանակում։ Բերում են մարդկանց, որոնք կառավարման փորձ ունեն, կարող են իրավիճակը շտկել։ Իսկ մենք ի՞նչ ենք անում, կառավարման ու կազմակերպման խնդիր ունեցող կառույցներին տալիս ենք անկախություն։ Եվ ի՞նչ, ի՞նչ կլինի այդ կառույցների հետ։ Ոչ մի լավ բան պետք չէ ակնկալել։ Ամենավտանգավորն այն է, որ նման մտահոգություններին, մենք ոչ մի խելամիտ հակափաստարկ, հիմնավորում չենք լսում։ Մենք լսում ենք միայն «այսպես է պետք անել» միտքը, որը բոլշևիկյան պրիմիտիվ, անարդյունավետ ու քանդող մոտեցում է։ Պետք է աշխատանքի կուլտուրա որդեգրել, հաշվի առնել, որ մեր գիտությունն արդեն իսկ բավականին որբացած է։ Կան ինստիտուտներ, որոնք եթե փակվեն, մենք այլևս չենք կարող վերականգնել, այնտեղ աշխատող եզակի գիտնականները կգնան թոշակի ու այլևս չեն ցանկանա վերադառնալ։ Մենք այնպիսի կորուստներ ենք ունենալու, որ հետո գլուխներս պատով ենք տալու ու ասնեք՝ այս ի՞նչ արեցինք առանց մտածելու։ Բայց այս պահին մենք հնարավորություն ունենք կանգնել ու ինքներս մեզ հարցնել, էս ո՞ւր ենք տանում գիտությունը։
Panorama.am-Օրեր առաջ «Գիտուժ» նախաձեռնությունը հանդես եկավ հայտարարությամբ, որով նաև առաջարկում էր աջակցել օրենսդրական փոփոխությունների մշակման գործում։ Եղե՞լ է արձագանք։
Արամ Փախչանյան-Ես նման արձագանք չեմ տեսել, ցավոք։ Եվ դա մեզ կրկնակի մտահոգում է, քանի որ «Գիտուժ»-ը սովորական նախաձեռնություն չէ, այն բազմաթիվ կազմակերությունների կողմից առաջ տարված շարժում է, որի նպատակը ոչ թե իշխանություններին ճնշելն է կամ իշխանություն ձեռքբերելը, այլ Հայաստանում գիտության զարգացմանն աջակցելը։ Մենք կլինենք կառավարության կողքին, եթե նա խելամիտ քայլերով առաջ գնա։ Իսկ եթե նման անիմաստ, վտանգավոր, չմտածված քայլեր իրականցվեն չմոտիվացված պատճառներով, մենք, իհարկե, կպայքարենք դրա դեմ։ Ամեն քայլ կգործադրենք, հանրությանը հասկացնելու, որ սա սխալ որոշում է, պետք է այն վերանայել, նույնիսկ, եթե անգամ, աստված մի արասցե, դառնա օրենք։
Panorama.am -Ի՞նչ եք դուք առաջարկում։
Արամ Փախչանյան -Մենք առաջարկում ենք շատ կարճ ժամանակում վերանայել նախագիծը։ Ի վերջո, օրինագիծը հենց քննարկելու, արձագանքներից, փաստարկներից հետո վերանայելու համար է։ Ինստիտուտների կառավարման վերաբերող կետերը պետք է օրենքից դուրս հանվեն։ Ի դեպ, մենք չենք ասում, որ դրանք սխալ են որպես վերջնանպատակ, այն կարևոր ու հետաքրքիր քննարկման առարկա է, արդյոք ապագայում մենք պետք է ունենա՞նք այնպիսի կառուցվածք, երբ ակադեմիան սահմանում է քաղաքականություն, իսկ ինստիտուտները կառավարումն ինքնուրույն են իրականացնում, թե՞ ակադեմիան պետք է շարունակի ունենալ կառավարման լծակներ գիտական մարմինների, գիտահետազոտական ինստիտուտների նկատմամբ։ Սա որոշման հարց է, բայց բաց քննարկում է հարկավոր։ Այն, ինչ հիմա առաջարկվում է՝ հապճեպ, առանց պատրաստվելու, առանց համակարգի վերակազմավորման, հնացած ու անարդյունավետ ինստիտուտների բեկորների միավորման գնալ դրանց ակնախացման, ծայրահեղ վտանգավոր բան է։ Մենք դրան դեմ ենք։
Panorama.am -Դուք կասկածներ, ենթադրություններ ունեք, թե ովքե՞ր են առաջ մղում օրենսդրական այս փոփոխությունները։
Արամ Փախչանյան -Մենք չունենք տեղեկություններ, այդ պատճառով որևէ կարծիք հայտնել չեմ կարող։ Կարող եմ միայն ասել, որքան մեզ է հայտնի, այս օրենքի մշակումը երկար պատմություն ունի, երևի կա անհամբերություն, նախագծում գիտությանը շաղկապված են նաև բարձրագույն կրթության հարցերը։ Երևի թե առկա է շտապողականություն։ Վտանգն այն է, որ նման հապճեպության մեջ նման վատ որակի, չմտածված նախագիծը դարձնեն օրենք։ Իսկ դրա հետևանքները կարող են անդառնալի լինել։ Նախարարությունը պետք է ունենա համարձակություն և ընդունի սխալը։ Մենք չենք կարծում, որ եղած համակարգը լավն է։ Կարծում ենք, որ համակարգը խոր փոփոխությունների կարիք ունի, միաժամանակ, եղած օրենքը, գործող դրույթները բավարար հնարավորություն են տալիս այդ բարեփոխումների իրականացման համար, ակադեմիայն այդ կամքն ունի։ Պետք է հնարավորություն տալ ակադեմիային, եթե ստացվի, ապա մենք կունենանք կրկնակի հաղթանակ՝ գործող ու արդյունավետ ԳԱԱ, ինստիտուտներ և կունենանք հնարավորություն գալ դրանց հետագա անկախացմանը։
Panorama.am-Շնորհակալ եմ։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Ջիվանյան. Գիտության վերաբերյալ օրենսդրական փոփոխություններն առաջարկելիս հաշվի առե՞լ են ռիսկերը
- Հռիփսիմե Մկրտչյան. Առաջարկվող նախագծով չեն լուծվում գիտության ոլորտում առկա հրատապ խնդիրները
- Լիլիթ Սահակյան. Գիտությունը 1-2 օրում չի ստեղծվում, բայց կարող է քանդվել 1-2 օրում
- «Գիտուժ». Նախատեսված օրենսդրական փոփոխությունները կարող են լրջագույն վնաս հասցնել գիտական արդյունքի աճին միտված գործընթացին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան