Ադրբեջանն օկուպացիայի ներքո է պահում ՀՀ-ի 41 քկմ տարածքը՝ շուրջ 11 տեղամասում. Աղաջանյան
«Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ սահմանին սադրիչ և ագրեսիվ գործողություններ իրականացնելու քաղաքականությունը»,- ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:
Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 14-ին Հայաստան-Ադրբեջան սահմանի արևելյան տեղամասերից մեկում ադրբեջանական զինված ուժերը զինտեխնիկայի աջակցությամբ ներխուժել են ՀՀ տարածք, բանակցությունների արդյունքում զինտեխնիկան ու զորքերի մեծ մասը հետ է քաշվել, բայց հայկական կողմն ունեցել է դիրքային կորուստներ:
«Տեղի ունեցածի հետևանքով վերը նշված հատվածում Ադրբեջանն ամրապնդել է մայիսի 12-ին տեղի ունեցած ՀՀ տարածք ապօրինի ներթափանցման հետևանքով ունեցած ներկայությունը:
Մայիսի 12-ի ներթափանցումից հետո Ադրբեջանն օկուպացիայի ներքո է պահում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառակուսի կիլոմետր տարածքը՝ շուրջ 11 տեղամասում:
Ադրբեջանի իշխանությունները հանդես են գալիս Հայաստանի նկատմամբ ագրեսիվ հայտարարություններով, ըստ էության, նորանոր տարածքային ու անվտանգային սպառնալիքներ ստեղծելով Հայաստանի համար: Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները կրում են ամենօրյա բնույթ, այս իրավիճակը ուղիղ սպառնալիք է ստեղծում ՀԱՊԿ անդամ երկիր հանդիսացող Հայաստանի համար», - ասաց Է. Աղաջանյանը:
Նա նշեց, որ մայիսի 12-ից հետո Հայաստանը հանդես էր եկել ՀԱՊԿ ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կարգի համաձայն՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության մոնիթորինգի նպատակով ՀԱՊԿ առաքելություն գործուղելու նախաձեռնությամբ:
«Նախաձեռնությունը, ցավոք, մինչ օրս կյանքի չի կոչվել: Հաշվի առնելով, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ նախագահող երկիր՝ Հայաստանի կառավարությանը կոչ եմ անում հանդես գալ հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու նախաձեռնությամբ», - ասաց ՔՊ-ական պատգամավորը:
Միաժամանակ նա ԱԺ պատգամավորներին կոչ արեց միջազգային բոլոր ատյաններում հանդես գալ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն ու ՀՀ տարածքների օկուպացիան պարզաբանող ու լուսաբանող հայտարարություններով:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա
- ՊՆ. Ադրբեջանական ԶՈւ-ն արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծության է ենթարկել հայկական դիրքերը
- ԱԽ. Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ
- ՊՆ-ն հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղության մասին
- Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն. ՊՆ
- Խնդիրը խաղաղ հանգուցալուծելու նպատակով դեռևս մայիսի 12-ից սկսված բանակցությունները կշարունակվեն վաղը. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին