Ըստ էության, Երևան-Գորիս մայրուղին գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո. Սեյրան Օհանյան
«2020 թվականին պատերազմում կրած պարտությունից հետո սահմանային լարվածությունը, հատկապես Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում, շարունակվում է»,- ասուլիսում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նա ընդգծեց՝ այս ամենն առաջին հերթին հետևանք է նրա, որ Հայաստանի իշխանությունները պարտվելուց հետո համակերպվել են պարտվողական քաղաքականության հետ, և Ադրբեջանն ու թուրք-ադրբեջանական տանդեմը, ըստ էության թուրքերը, հայտնվել են ՀՀ սահմաններում:
«Հակառակորդը շարունակում է ճնշումները պարտված իշխանությունների վրա, որովհետև միջազգային փորձն է ցույց տալիս, որ իրականում պարտված իշխանությունները միշտ գտնվում են թե հակառակորդի, թե միջազգային հարթակում թելադրանքի, պարտադրանքի ներքո»,- ասաց Ս. Օհանյանը:
Ըստ նրա, խոսելով խաղաղության մասին՝ հակառակորդը Հայաստանի իշխանություններին գցել է խաղաղության խաբկանքի մեջ, որովհետև նրա գործողությունները, առաջին հերթին հռետորաբանությունը, հայատյացությունը շարունակվում են և նաև կոնկրետ գործողություններով, քայլերով, օրըստօրե փորձում են էլ ավելի ճնշել, էլ ավելի խորությամբ հայտնվել ՀՀ սահմաններում:
«Ըստ էության, այսօր Երևան-Գորիս մայրուղին գտնվում է ադրբեջանցիների կողմից վերահսկողության ներքո: Հիմնական նպատակը, կարծում եմ, ակնհայտ է. ճանապարհների, ենթակառուցվածքների ապաշրջափակման խնդիրը թուրք-ադրբեջանական տանդեմի համար մնում է «Զանգեզուրի միջանցք» գաղափարն առաջ տանելու համար:
Ճանապարհների ապաշրջափակումը բերելու է Հայաստանի և Արցախի ավելի խորը շրջափակման, տնտեսական ճնշման, ժողովրդագրական պատկերի փոփոխության»,- ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:
Նա ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունները որևէ հետևություն չեն կատարում ստեղծված իրականության մեջ:
«Կարելի է ասել, որ Հայաստանի իշխանությունները, ինչպես անգրագետ կերպով պատերազմը չկարողացան ղեկավարել, ամուր թիկունք ստեղծել բանակին, մոբիլիզացնել ամբողջ ներուժը, այդ ամենի շարունակությունը եղավ այն, որ մեր զորքերը հետ քաշվեցին Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում: Դա է պատճառը, որ հակառակորդն այսօր այդ ուղղությամբ շարունակում է ճնշումները»,- ասաց Ս. Օհանյանը:
Ըստ նրա, եթե այս իշխանություններին թվում է՝ վերջնական խաղաղություն ստորագրելուց հետո ադրբեջանցիների սադրանքները չեն շարունակվելու, հերթական խաբկանքն է ՀՀ իշխանությունների համար:
«Այս պայմաններում Հայաստանի իշխանությունները չեն կարևորում երկրի առջև դրված գերակա խնդիրները հատկապես անվտանգության առումով:
Եվ այսօր Ազգային ժողովում քննարկել տարբեր ոլորտներին վերաբերող տարբեր հարցեր, բայց չքննարկել անվտանգության խնդիրները, գտնում եմ, հանցագործության նման մի բան է»,- ասաց Սեյրան Օհանյանը:
«Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով, գտնում են՝ այսօր այն իրավիճակը չէ, որ ԱԺ-ում պետք է քննարկել տարբեր հարցեր, և ի նշան բողոքի որոշել են չմասնակցել ԱԺ հերթական նիստերին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան