Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի հետ: Լուրը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքէջում։
«Դիտարկվել են երկկողմ համագործակցության հիմնական խնդիրները, այդ թվում՝ համատեղ խոշոր ներդրումային ծրագրերի իրականացումը, ինչպես նաև փոխգործակցությունը կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարում։
Հանգամանալից քննարկվել են միջազգային օրակարգի արդիական թեմաները։ Նշվել է, որ հիմնականում ռուս-իրանական լավ համակարգված ջանքերի շնորհիվ է հնարավոր եղել պահպանել Սիրիայի պետականությունը և վերացնել միջազգային ահաբեկչության խոշոր օջախը։ Երկու կողմերն էլ իրենց պատրաստակամությունն են հայտնել սիրիական կարգավորման հետագա համակարգման ուղղությամբ, այդ թվում՝ Աստանայի ձևաչափի շրջանակներում։
Ուշադրություն է դարձվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին։ Ռուսաստանը և Իրանը հանդես են գալիս դրա ամբողջական իրականացման օգտին՝ նախապես համաձայնեցված շրջանակներում։ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ նոյեմբերի վերջին այդ հարցի շուրջ Վիեննայում նախատեսված բանակցությունները կանցնեն կառուցողական ոգով։
Աֆղանստանում տիրող իրավիճակի շուրջ մտքերի փոխանակության ընթացքում ընդգծվել է այս երկրում խաղաղության ու կայունության հաստատմանն աջակցելու պատրաստակամությունը։ ՌԴ նախագահը հայտարարել է մոտ ապագայում Քաբուլ ռուսական մարդասիրական օգնության՝ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման մասին։
Անդրադարձ է եղել նաև Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է հրադադարի ապահովման, տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման, տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ ռուսական կողմի ձեռնարկած միջոցառումների մասին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին