Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կնշվի Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանը
Արամ Խաչատրյանի ժամանակակից, հռչակավոր և սիրված կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանը տուն-թանգարանում կնշվի համերգային ծրագրով, հանրահայտ երաժիշտների մասնակցությամբ։
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանից հայտնում են, որ նոյեմբերի 18-ին «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» համերգաշարի հոբելյանական երեկոյին ելույթ կունենան` դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը, սոպրանո Արծվիկ Դեմուրչյանը, դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը, ջութակահար Կարեն Շահգալդյանը, Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը, մասնակցությամբ` դաշնակահար, ԵՊԿ դոցենտ Նաիրա Հակոբյանի։
Ծրագրում կնչեն Առնո Բաբաջանյանի կամերային ստեղծագործությունները։ Երեկոյի ընթացքում Տուն-թանգարանի համերգասրահում հանդիսատեսը կարող է վայելել նաև կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյաններին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը (լուսանկարները` տուն֊թանգարանի հավաքածուից)։
Համերգի մասնակիցները ընդմիջմանը կարող են ծանոթանալ նաև թանգարանի ցուցադրությանը։