Վանեցյան. Հայաստանում չկան պաշտոնյաներ, կան մարդիկ, որ կատարում են Փաշինյանի ուղիղ ցուցումները
«Երկրին պարտություն բերած իշխանությունը շարունակում է երկիրն ամեն օր տանել պարտության»,- 24news-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տեղի ունեցած զարգացումներին։
Նա ընդգծել է, որ Հայաստանի սուվերեն տարածքն ամեն օր փոքրանում է։
«Այս իշխանությունները պետք է հեռանան ու թույլ տան, որ Հայաստանի անվտանգային հարցերը լուծվեն։ Այս մարդիկ ուղղակի ի վիճակի չեն լուծել մեր երկրի առաջ ծառացած անվտանգային խնդիրները»,-ասել է նա։
Վանեցյանն ընդգծել է, այսօր սահմանները գծվում են Ադրբեջանի թելադրած օրակարգով, նրանք գալիս են կանգնում, որտեղ իրենց հարմար է, ինչից հետո Հայաստանի իշխանություններն արդարացնում են ադրբեջանցիների արարքը՝ ներկայացնելով, որ դրանք եղել են ադրբեջանական տարածքներ։
«Դեմքի շատ սովորական արտահայտությամբ կամ էլ հայտարարում են, որ ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք։ Սա անթույլատրելի է։ Անհապահ միջոցներ պետք է ձեռնարկվեն իրավիճակից դուրս գալու համար»,-ասել է նա։
Անդրադառնալով Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարար նշանակելուն՝ Արթուր Վանեցյանը նշել է.
«Հայաստանի Հանրապետությունում չկան պաշտոններ, չկա ոստիկանապետ, չկա նախարար, կա Նիկոլ Փաշինյան, որն աշխատում է ամեն ինչ, մեկ անձի ավտորիտար ռեժիմ է, չկան այլ պաշտոններ Հայաստանում, կան ինչ-որ մարդիկ, որ կատարում են Փաշինյանի ուղիղ ցուցումները: Սուրեն Պապիկյանն է, Պողոս Պողոսյանն է, թե այլ անձ է պաշտպանության նախարարը, կապ չունի, ամբողջ համակարգն անմիջական ղեկավարողը, պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է»:
Մանրամասները՝ 24news-ի տեսանյութում։