Բոլոր առողջ ազգային ուժերը պետք է համախմբվեն և սատար կանգնեն մեր ԶՈւ-ին. «Հայրենիք» կուսակցություն
«Հայրենիք» կուսակցությունը սատարում է մեր Զինված ուժերին։ Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը։
«Հաշվի առնելով թշնամու կողմից սանձազերծված հերթական ագրեսիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ և ծավալվող ռազմական գործողությունները՝ «Հայրենիք» կուսակցությունը հրավիրել է խորհրդի արտահերթ նիստ:
Նիստի արդյունքում որոշվել է առժամանակ դադարեցնել ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը և չեղարկել դրա հետ կապված այլ քաղաքական միջոցառումները:
Արձանագրում ենք, որ գործող վարչախումբը`Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իր ապազգային և պարտվողական կառավարման հետևանքով Հայաստանի և Արցախի հանրապետությունները կանգնեցրել է գոյութենական վտանգի առաջ: Հետևաբար, առաջացած անվտանգային բոլոր խնդիրների պատասխանատվությունը միանշանակորեն կրում են իշխանությունները:
Հաշվի առնելով վերոնշյալը, ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր առողջ ազգային ուժերը պետք է համախմբվեն և սատար կանգնեն մեր ԶՈՒ-ին:
Ելնելով սրանից, «Հայրենիք» կուսակցությունը հայտարարում է, որ իր ունեցած բոլոր հնարավորություններով և միջոցներով աջակցելու և օժանդակելու է մեր բանակին, նրա սպայակազմին և զինվորներին՝ թշնամուն արժանի հակահարված հասցնելու և մեր Հայրենիքի տարածքից դուրս շպրտելու գործում:
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ ենք համարում ընգծել, որ Ադրբեջանի սանձարձակ գործողությունները պետք է շատ կոշտ արձագանքի արժանանան միջազգային կազմակերպությունների և ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից:
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը և մեր քաղաքացիների անվտանգությունը որևէ պարագայում չի կարող դառնալ սակարկության առարկա»,- ասվում է հայտարարությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին