Բարձրավանի գյուղապետ. Այս պայմաններում հնարավոր չէ երկար ապրել
Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի ղեկավար Օնիկ Ավագյանը բազմիցս բարձրաձայնել է, որ թշնամու իրականացրած գործողությունների և հայկական կողմի անգործության հետևանքով Բարձրավանը և տեղի բնակիչները կտրվում են արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունից:
168.am-ի հետ զրույցում Օնիկ Ավագյանն ասել է, որ ինչ թշնամին մաքսակետ է տեղադրել Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում, իրենք օգտվում են այլընտրանքային ճանապարհից՝ մի քանի անգամ երկարացնելով իրենց ճանապարհը:
«Մեղմ ասած, այդ այլընտրանքային ճանապարհն անմխիթար վիճակում է, հիմա աշխատանքներ են իրականացնում, բայց ես չգիտեմ՝ երբ կավարտեն, ինչ արդյունք կունենանք: Մենք մեր նորմալ ճանապարհը տվել ենք թշնամուն, ընկել ենք խորդուբորդ ճանապարհներ ենք դզում: Այդ ճանապարհը նորմալ ճանապարհ դարձնելու համար տարիներ են պահանջվելու»,- նշել է Օնիկ Ավագյանը:
Նա տեղեկացրել է, որ այսօր բնակիչները կանգնած են շտապ բուժօգնություն ստանալու խնդրի առջև, որը որոշ չափով լուծելու համար գյուղում կա ամենագնաց, որով անհրաժեշտության դեպքում կարողանում են հիվանդին հասցնել մոտակա հիվանդանոց, բայց դրա համար էլ մի քանի ժամ է պահանջվում:
«Այսօրվա դրությամբ պայմանավորվածություն կա, որ Կապանի գլխավոր բժիշկը կեսօրից հետո պետք է գա Բարձրավան, որպեսզի բնակիչների շտապ բուժօգնություն ցուցաբերելու բոլոր հարցերը լուծվեն Կապանի կողմից, այսինքն՝ Կապանը մեզ աջակցություն ցուցաբերի: Այս ամենի հետևանքով խախտվել է նաև դպրոցներում դասավանդման գործընթացը, նորմալ հունով դասապրոցես չի ընթանում: Սահմանապահների հետ ունենք պայմանավորվածություն, որ «Ուրալ» ամենագնաց ավտոներ տան, որպեսզի մարդկանց տանեն Գորիս-Կապան, իրենց առօրյա խնդիրները հոգան և ուսուցիչներին բերեն գյուղ: Ուսուցիչներից շատերը Կապանից ու Գորիսից են գալիս գյուղի դպրոց, հիմա իրենք բողոքում են, որ չեն կարող այդքան ճանապարհ կտրել։ Ավելին՝ ասում են, որ ճանապարհներն իրենց համար վտանգավոր են, որովետև «Ուրալ» մեքենաներով կտրուկ շրջադարձ անելու դեպքում հնարավոր է՝ այդ ճանապարհներից գլորվեն ներքև»,- հավելել է Բարձրավանի գյուղապետը:
Օնիկ Ավագյանի կարծիքով՝ այս պայմաններում հնարավոր չէ երկար ապրել. մի կողմից՝ թշնամու սադրանքները, որոնք չգիտեն՝ ինչով կավարտվեն, մյուս կողմից՝ Հայաստանի պատկան մարմինների անգործությունն իսկական աղետի առջև է կանգնեցրել երկիրը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքի գյուղեր հասնելու խնդիր չկա. Անահիտ Ավանեսյան
- Որոտան, Շուռնուխ, Բարձրավան բնակավայրերում առաջ են եկել սննդամթերքի, բժշկական օգնության հասանելիության լուրջ սահմանափակումներ. ՄԻՊ
- Աննա Գրիգորյան. Բարձրավանը, Որոտանը, Շուռնուխը հայտնվելու են շրջափակման մեջ
- Շրջափակման մեջ ենք, Բարձրավան գյուղ հացը մատակարարվում էր Գորիսից․ համայնքի ղեկավար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան