Վահե Հակոբյան. Ցավում եմ, որ Թունյանն ու իշխանությունները մի նախագծի քննարկում ավելի են կարևորում, քան Սյունիքում ծավալված ռազմական գործողությունները
«Կարծում եմ, որ իշխանությունը մամուլ չի կարդում, որ չհասկանա իր ապիկարությունը և հասարակության ռեակցիաները։ Բայց եթե նրանք կարդային մամուլ, կիմանային, որ ես իմ գործընկեր պատգամավորների հետ հիմա գտնվում եմ Սյունիքում` տեղում ծանոթանալու իրավիճակին»,-այս մասին NEWS.am-ին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ մեկնաբանելով ՔՊ-ական պատգամավոր Բաբկան Թունյանի հայտարարութունը։
Վերջինը, որ ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահն է, այսօր հանձնաժողովի նիստի ընթացքում հետաքրքրվել էր, թե որտեղ է հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը։ Իմանալով, որ Հակոբյանը Սյունիքում է՝ Թունյանը դժգոհություն է հայտնել, ապա հարցրել, ո՞վ կարող է պատասխանել՝ ինչու Հակոբյանը չի վարում այս նիստը։ Թունյանը հորդորել է ավելի գործընկերային գտնվել՝ շեշտելով, որ եթե ինքն էլ որևէ շտապ գործի պատճառով բաց թողներ նիստը, այն չէր կայանա։
Ի պատասխան Վահե Հակոբյանը նշել է, որ Սյունիք է մեկնել, քանի որ իշխանության վերահսկման տակ գտնվող տեղեկատվական հոսքերից հստակ պատկերացում չի կազմվում, թե ինչ է իրականում կատարվել այնտեղ:
«Սյունիքից մարդիկ մեզ տեղեկատվություն են տրամադրում, որը հակասում է իշխանության տրամադրած տեղեկատվությանը։ Այդ պատճառով ես ստիպված եմ գտնվել Սյունիքում։
Ինչ վերաբերում է Բաբկեն Թունյանին, ցավում եմ, որ այս պահին «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումն ավելի է կարևորվում այն պարագայում, երբ ունենք անվտանգային լրջագույն խնդիրներ, ադրբեջանական զինված ուժերը բացահայտ ագրեսիա են դրսևորում մեր երկրի սուվերեն տարածքում և երեկ, փաստացի, Սյունիքում տեղի էին ունենում ռազմական գործողություններ։ Իսկ իշխանությունը, փոխարեն հրատապ կերպով զբաղվի մեր երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովմամբ, այս պահին երկրորդական կարևորության նախագծեր է բերում Տնտեսական հարցերի հանձնաժողով և 24-ժամյա հրատապ ռեժիմով փորձում անցկացնել ԱԺ լիագումար նիստեր:
Կրկնակի ցավում եմ, որ իշխանությունը այդպես էլ չգիտակցեց իր առաջնահերթությունների ու անելիքների հաջորդականությունը»,-ասել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞րն է այս ծաղրածուների գործողությունները գերիների հարցում. Վահե Հակոբյան
- Ադրբեջանական զինուժն ավելի է խորանում մեր սուվերեն տարածքում. Վահե Հակոբյան
- Նիկոլ Փաշինյանի վրեժխնդրությունն է Արթուր Սարգսյանի, մնացած կալանավորված քաղաքապետերի նկատմամբ. Վահե Հակոբյան
- Կատարվողը պայմանավորվածությունների շրջանակում է, Ադրբեջանը ոչ մի խախտում չի անում. Ռուբեն Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան