Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «ՎԱՂԸ» ցուցադրության բացումը
2021 թվականի նոյեմբերի 19-ից Գաֆէսճեան արվեստի կենտրոնում գործելու է «ՎԱՂԸ» ցուցադրոթյունը՝ տասնյոթ հայ ժամանակակից արվեստագետների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են ԳԱԿ-ից։
«Խմբային նախագծերը ոչ միայն բազմաթիվ հեղինակների ներկայացնելու հնարավորություն են ընձեռում, այլև թույլ են տալիս առավել ընդգրկուն անդրադառնալու առանձին թեմաների, ժանրերի, կամ շերտերի։
Գաֆէսճեան արվեստի կենտրոնն իրականացնում է արդեն 3-րդ նմանատիպ ցուցահանդեսը։ Այդուհանդերձ, «ՎԱՂԸ» նախագծի դիապազոնը շատ ավելի ընդարձակ է, քանի որ կենտրոնացած է ոչ թե մեկ թեմայի, այլ` Հայաստանի ներկայիս ակտուալ, ժամանակակից վիզուալ արվեստի ընդհանուր դաշտի վրա։
«Արծիվ» և «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահներում ցուցադրված տասնյոթ արվեստագետները մեծամասամբ երկչափ ստեղծագործությունների հեղինակներ են, որոնք աշխատում են հիմնականում ավանդական տեխնիկաներով և նյութերով, սակայն թեմաների և մոտեցումների առումով բավականին ակտուալ ու արդի են, իսկ երբեմն՝ նորարար։
«ՎԱՂԸ» ցուցադրությանը ներկայացված արվեստագետները անկախության սերնդից են։ Այս առումով հետաքրքրական է հետևել՝ ինչպիսի ընդհանուր թեմաներ, արվեստային մոտեցումներ ու ոճեր են երբեմն տարանջատում կամ, ընդհակառակը, միավորում առաջին հայացքից միմյանցից բավականին հեռու գտնվող մի շարք ստեղծագործողների։ Կիրառված տեխնիկաների ու նյութերի առումով էլ շրջանակը բավականին լայն է․ կտավ-յուղաներկից մինչև տպագրական գրաֆիկա, լուսանկարչություն, կոլաժ, ասեղնագործություն, խճանակար ու ռեդի-մեյդ։ Ներկայացված արվեստագետներն են՝ Միլենա Ադամյանը, Սիրանուշ Աղաջանյանը, Գայանե Ավետիսյանը, Մերի Բադալյանը, Գայանե Բարխուդարյանը, Նարեկ Բարսեղյանը, Կիմա Գյարաքյանը, Անուշ Դավթյանը, Կարեն Խաչատուրովը, Աննա Կրճացյանը, Նարեկ Հակոբյանը, Արմեն Հակոբջանյանը, Մանվել Մաթևոսյանը, Նարե Պետրոսյանը, Գրիգոր Սիմոնյանը, Դավիթ Քոչունցը, Լևոն Ֆլջյանը։
«Հետևելով իր առաքելությանը հայկական մշակույթի լավագույնը ներկայացնելու առումով՝ «ՎԱՂԸ» ցուցադրության միջոցով Կենտրոնը փորձում է ուրվագծել, թե ինչ ուղղությամբ է շարժվում հայ ակտուալ ժամանակակից կերպարվեստն այսօր, և ինչ կարելի է սպասել ապագայում»,- նշում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը, հավելելով, որ անշուշտ սույն նախագիծը չի բացահայտում Հայաստանի ժամանակակից արվեստի ամբողջ դաշտը:
ԳԱԿ-ում առաջին անգամ ներկայացված հեղինակները ստեղծում են մի հարթակ, որտեղ շարունակական անհատական և խմբային նախագծերի միջոցով Կենտրոնը առաջիկա տարիներին երևան կհանի հայ ժամանակակից արվեստի նոր շերտեր։
«ՎԱՂԸ» ցուցադրությունը գործելու է 2021 թվականի նոյեմբերի 19-ից մինչև 2022 թվականի փետրվարի 20-ը: Մուտքն ազատ է»,- նշված է կենտրոնի հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան