ԵԺԿ-ն կոչ է արել միջազգային հետաքննություն սկսել «հայ-ադրբեջանական սահմանին» տեղի ունեցած ռազմական գործողությունների վերաբերյալ
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը խիստ մտահոգված է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական կողմի սանձազերծած գործողությունների հետևանքով ստեղծված իրադրության առնչությամբ:
«Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանի խախտումները։ Մենք միանշանակ մերժում ենք ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը որպես տարածաշրջանում քաղաքական նպատակներին հասնելու միջոց։
Մենք ընդգծում ենք միջազգային կանխարգելման մեխանիզմների և ռազմական բախումների միջազգային հետաքննության կենսական անհրաժեշտությունը, ներառյալ ագրեսորների դեմ էական համապատասխան պատժամիջոցները։
Տարածաշրջանում հարատև խաղաղությունը հնարավոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և բանակցային լուծման միջոցով՝ հիմնված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված Հիմնական սկզբունքների վրա»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի կենդանի ուժի մեծաթիվ կորուստ, մի քանի միավոր զինտեխնիկա ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։
Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախորդ օրը լայնածավալ հարձակում էին գործել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։
Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։
Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։
Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ։
Նոր տեղեկությունների դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ Անվտանգության խորհրդի հրավիրած նիստում հայկական կողմը հայտարարեց սույն թվականի մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք: Մարտական գործողություններն իրականացվում են ոչ թե Հայաստան-Ադրբեջան սահմանին, այլ Հայաստանի սուվերեն տարածքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան