ԵԽ Հրվ. Կովկասի պատվիրակություն. Դատապարտում ենք «սահմանագծման» ցանկացած փորձ, որ նկատվել է ադրբեջանական զորքերի՝ Հայաստան ներխուժումից հետո
Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչովը և Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Ժիվկոն համատեղ հայտարարությամբ անդրադարձել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային։
Նշվում է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունները նախորդ տարվա նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի հայտարարությունից ի վեր վատագույն խախտումն են, որի հետևանքով կան սպանված, վիրավոր ու գերեվարված զինծառայողներ, որոնց թիվն այս պահին հստակ չէ։
«Կոչ ենք անում իրավիճակի անհապաղ ապասրացում, ողջունում ենք Եվրոպական խորհրդի նախագահի ներգրավվածությունն ու Ռուսաստանի միջնորդությամբ զինադադարի մասին տեղեկությունները։ Կրկնում ենք, որ սահմանի հետ կապված հնարավոր տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացում, ոչ թե ուժի կիրառման և միակողմանի գործողությունների միջոցով։ Մենք դատապարտում ենք «սահմանագծման» ցանկացած փորձ, ինչպես նկատվել է ադրբեջանական զորքերի՝ մայիսի 12-ին Հայաստան ներխուժումից հետո։
Աջակցում և կոչ ենք անում բացել տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունները, ինչպես նախատեսված է նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայնագրով, որը մեծապես շահավետ կլինի ողջ տարածաշրջանի համար։
Սա ներառում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապը։ Հաջողության հասնելու համար կողմերը պետք է հետևեն համաձայնագրին։
Մեզ անհանգստացնում են հայկական քաղաքներն ու գյուղերը Ադրբեջանի տարածքով կապող ճանապարհների խափանված երթևեկության մասին հաղորդումները, նման վարքագիծը հակասում է այս համաձայնագրի ոգուն և անտեղի բարդացնում է տեղի բնակիչների կյանքը։
Միաժամանակ ցավ ենք հայտնում, որ չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, այդ թվում նաև Եվրախորհրդարանի 2021 թվականի մայիսի 20-ի բանաձևի, հակամարտության հետ կապված բազմաթիվ հայ կալանավորներ են պահվում, որոնք պետք է ազատված լինեին։ Մենք կրկնում ենք մեր դիմումն այս հարցով՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին»,-ասված է հայտարարության մեջ։
Հեղինակները նշել են նաև ականապատ տարածքների «նոր քարտեզների» փոխանակման մասին, որոնք «թույլ կտան խաղաղ բնակիչներին վերադառնալ նախկին հակամարտության շրջաններ»։
Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակությունն իր աջակցություն է հայտնում Մինսկի խմբի համանախագահներին՝ նշելով, որ հակամարտության տևական կարգավորման հասնելը ու ԼՂ հետագա կարգավիճակը որոշելը պետք է լինի բանակցությունների արդյունքում։
Հիշեցնենք, որ երեկ Անվտանգության խորհրդի հրավիրած նիստում հայկական կողմը հայտարարեց սույն թվականի մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք: Մարտական գործողություններն իրականացվում են ոչ թե Հայաստան-Ադրբեջան սահմանին, այլ Հայաստանի սուվերեն տարածքում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին