«Ժողովուրդ». Ինչ էր անում ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը նախկին պատգամավորի տան մոտ, որի ժամանակ հնչել են կրակոցներ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նոյեմբերի 11-ին Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով սպանվել էր 4 անձ, իսկ երեքը մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Սպանվածների մեջ էր քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, և ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանը: Վիրավորների մեջ է սպանված նախկին պատգամավորի որդին՝ Վլադիմիր Սիմոնյանը: Ի դեպ, կրակոցները հնչել էին հենց նախկին պատգամավորի տանը:
Սպանված պատգամավորի 3 որդիներին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, ինչը դատարանը կիրակի օրը բավարարել է: Սակայն այս պատմության մեջ կան բավականին ուշագրավ հանգամանքներ, ինչը լուրջ հետևությունների տեղիք է տալիս:
Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, նոյեմբերի 11-ի գիշերը քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի՝ Տույի հետ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի տան մոտ է եղել նաև Աժ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Լուրեր կան, որ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը նախկին պատգամավոր Սիմոնյանի տան մոտ՝ դրսում՝ մեքենայի մեջ սպասել է քրեական հեղինակություն Տույին, սակայն երբ լսվել են կրակոցի ձայները, նա դեպքի վայրից անհետացել է:
Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դեպքից հետո նրան օգնել են հեռանալ Հայաստանից: Այս տեղեկությունը փորձեցինք անձամբ պարզել Հայկ Սարգսյանից, սակայն վերջինս որևէ կերպ չարձագանքեց մեր հեռախոսազանգերին և նամակներին, ու չկարողացանք իմանալ՝ եղել է արդյոք Տույի հետ Քանաքեռում դեպքի օրը և ինչու: Հավելենք, որ Հայկ Սարգսյանը չէր մասնակցում երեկվանից մեկնարկած Ազգային ժողովի քառօրյա աշխատանքներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան