Ռուսաստանը Հայաստանի համար հատկացրել է 250 անվճար տեղ առաջատար բուհերում
Ռոսսոտրուդնիչեստվոյի կողմից իրականացվող ծրագրով Հայաստանի շուրջ 250 ներկայացուցիչներ այս տարի հնարավորություն են ստացել անվճար սովորել Ռուսաստանի լավագույն բուհերում, իսկ հայտերի ներկայացման վերջնաժամկետը երկարացվել է մինչև ս.թ. նոյեմբերի 25-ը։ Այս մասին հայտնել են Երևանում Ռուսական տան (Ռոսսոտրուդնիչեստվո Հայաստանում) մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ այս ծրագիրը ավանդական է՝ Ռուսաստանը Հայաստանին տարեկան հատկացնում է մոտ 200 տեղ։ Սակայն այս տարի քվոտաների թիվն ավելացվել է։
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ծրագրին մասնակցող բուհերի մեծ ցանկում տեղ են գտել ամենատարբեր պրոֆիլներ ունեցող խոշորագույն ուսումնական հաստատությունները: Դրանք են Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը , Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և հանրային ծառայության ակադեմիան, Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը, Տնտեսության բարձրագույն դպրոցը, Ռուսաստանի տեխնոլոգիական համալսարանը, Ռուսաստանի Գ. վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանը, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը, Մոսկվայի Օ.Ե. Կուտաֆինի անվան պետական իրավաբանական ակադեմիան, Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը, Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտը , Ն.Ի. Պիրոգովի անվան Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարանը և նույնիսկ Երևանում գտնվող Հայ-ռուսական համալսարանը.
«Ռուսաստանում սովորելն անվճար է կրթության բոլոր մակարդակներում՝ սպեցիալիտետ, բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա և օրդինատուրա: Ավելին, բժիշկների միջև օրդինատուրայում սովորելու պետական քվոտաների համար մրցակցությունը շատ բարձր է։ Անցած տարի, օրինակ, 16 քվոտայի համար Հայաստանից դիմել է 52 բժիշկ։ 2022-2023 ուսումնական տարվա անվճար տեղերի համար ապագա բժիշկների միջև պայքարն նույնպես լուրջ է լինելու. 25 տեղի համար (այսինքն՝ ընդհանուր քվոտաների 10%-ը) արդեն 40-ից ավելի դիմում է ներկայացվել, և այս ցուցանիշը կշարունակի աճել»,-հայտնել են Երևանում Ռուսական տան մամուլի ծառայությունից։
Քվոտաների մեծ մասը հատկացվում է բակալավրիատի ուսանողներին. անցած տարի այդ ցուցանիշը կազմել է մոտ 130: Տասնյակ դիմորդներ ցանկանում են սովորել նաև մագիստրատուրայում:
«Անցած ուսումնական տարում Ռուսաստանում գիտությամբ զբաղվել, այսինքն սովորել ասպիրանտուրայում, որոշել էր մոտ 25 երիտասարդ Հայաստանից ։ Ընդհանուր առմամբ, քվոտաների ընդհանուր թվի առնվազն 15%-ը հատկացվում է ասպիրանտուրայի համար», - հավելել են Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունից։
Հատկանշական է նաև, որ պետական քվոտաներով կարելի է ստանալ նաև լրացուցիչ մասնագիտական կրթություն։
«Այս տարի արդեն հայտ են ներկայացրել երկու ռուսերենի ուսուցիչներ»,- նշում են Երևանում Ռուսական տան մամուլի ծառայությունից։
Ըստ աղբյուրի, Ռուսաստանի Դաշնության պետական բյուջեի միջոցների հաշվին ռուսական բուհեր ընդունվելու համար կարող են դիմել ՀՀ քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և ՀՀ տարածքում մշտապես կամ ժամանակավոր բնակվող հայրենակիցները, ովքեր 2021 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ գրանցված չեն եղել Ռուսաստանի Դաշնությունում):
Նրանք «education-in-russia.com» կայքում հայտ ներկայացնելուց հետո քննություններ են հանձնում ընտրված բուհում հեռակա կարգով։ Ռուսական կրթական կազմակերպությունների ընտրությունը կարելի է կատարել russia-edu.ru կայքում։
Նշվում է, որ ծրագրի մասնակիցներին զինծառայությունից տարկետում տալու հարցը կարգավորվում է ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 195-Ն որոշմամբ («Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենք):
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան