ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020 թ․-ի դափնեկիրն է Չի-Ֆուն Չանը
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020 թվականի դափնեկիր, «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դոկտոր Չի-Ֆուն Չանն այսօր ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից ստացել է 2020 թվականի ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը։ Այս մասին հայտնում է Վիվա-ՄՏՍ ընկերությունը։
«Արայիկ Հարությունյանը մրցանակը հանձնել է Չի-Ֆուն Չանին և շնորհավորել նրան այդ կապակցությամբ: «Ցավոք, նախորդ տարի մեզ չհաջողվեց այս միջոցառումը կազմակերպել հայտնի պատճառներով, և մենք 2020 թվականի մրցանակը շնորհում ենք այս տարի: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակն ունի շատ կարևոր նպատակ՝ շեշտելու, որ այս ոլորտում Հայաստանն ունի ասելիք և Հայաստանն ունի անելիք: Աշխարհի մեծերին այստեղ հյուրընկալելը դրա լավագույն ապացույցներից», - ասել է Արայիկ Հարությունյանը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը մեկ անգամ ևս շնորհավորել է Չի-Ֆուն Չանին և համոզմունք հայտնել, որ նրա համագործակցությունը Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունների հետ կունենա ապագա: «Կառավարության համար դա շատ կարևոր է, որովհետև ՏՏ ոլորտը և տեխնոլոգիական զարգացումը մեր առաջնահերթություններից է, ինչն արտացոլցված է ծրագրերում, այդ թվում՝ կրթական: ՏՏ ոլորտի ընկերությունների հետ համագործակցությունը նույնպես այդ առաջնահերթություններից է», - ասել է Արայիկ Հարությունյանը:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհում բազմաթիվ խոշոր դերակատարներ կան, սակայն նրանց մեջ կան մարդիկ, որոնք բացառիկ ներդրումներ են ունեցել մարդկության կյանքի ընթացքը փոխելու առումով, և մենք այս ամենամյա մրցանակաբաշխության միջոցով ուզում ենք նախ մեծարել նման անհատներին, ապա նաև հյուրընկալելով նրանց Հայաստանում, հաղորդակից լինել այդ հսկաների հետ, քանի որ մենք շատ սովորելու բան ունենք նրանցից։ Սա նաև բացառիկ հնարավորություն է մեր երիտասարդության համար՝ անմիջական շփումներ ունենալ համաշխարհային լեգենդների հետ», - ասել է մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները կարգավորող, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
Դր. Չի-Ֆուն Չանի աշխատանքային հարուստ կենսագրությունը ներկայացրել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը:
Չի-Ֆուն Չանը շնորհակալություն է հայտնել իր գործունեությունը բարձր գնահատանքի արժանացնելու համար և ընդգծել, որ շատ է կարևորում այդ մրցանակը: «ՏՏ ոլորտի գործունեությունը պետք է լինի ի նպաստ մարդկությանը: Մենք, որպես մասնագետներ, պետք է համակարգեր կառուցենք, որոնք պետք է լինեն անվտանգ, վստահելի և ապահով»,-ասել է «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն Չի-Ֆուն Չանը: «Սինոփսիս» ընկերության նախագահը նաև շնորհակալություն է հայտնել հայաստանյան մասնաճյուղի թիմին՝ համատեղ և արդյունավետ աշխատանքի համար:
«Աշխարհն անընդհատ փոփոխության մեջ է։ Մարդկանց կյանքը շարունակաբար փոփոխվում է կախված լինելով՝ կլիմայի, կենսական համակարգների և ենթակառուցվածքների, մատակարարման շղթայի և այլ փոփոխություններից։ Այս շարքում կարելի է նշել նաև աշխարհին պատած Քովիդ համավարակը: Ամեն ինչ փոխկապակցված է։ Բոլոր փոփոխություններին դիմակայելու համար անհրաժեշտ են տարբեր միջոցներ։ Արհեստական բանականությունը (AI), Իրերի համացանցը (IoT), Մեքենայական ուսուցումը (Machine learning), Ամպային տեխնոլոգիաներն օգնում են մարդկության կյանքը հարմարացնելու այդ փոփոխություններին: Այդ բոլորն իրականություն է դառնում կիսահաղորդչային տեխնոլոգիաների միջոցով։ «Սինոփսիս»-ը դրա սիրտն է։ «Սինոփսիս»-ի գործիքների և տեխնոլոգիաների միջոցով մեզ շրջապատող աշխարհը դառնում է խելացի, անվտանգ և ապահով՝ ստեղծելով մի էկոհամակարգ, որտեղ բոլոր մասնակիցներն աշխատում են միասին։ Այդ համատեղ աշխատանքի հիմքում ընկած է վստահությունը։ Այդ վստահությունը բերեց մեզ Հայաստան, և Հայաստանն արդարացրեց մեր սպասելիքները»,- նշել է Չի-Ֆուն Չանը:
Պարգևի հանձնման արարողությանը հաջորդեց հատուկ ծրարի և փոստային բացիկի մարման արարողությունը, որն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ՏՏ ոլորտում պետական մրցանակին արժանացած 11-րդ դափնեկիր Չի-Ֆուն Չանն ու Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Տասնմեկ տարի անընդմեջ, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի գլխավոր գործընկերն է Վիվա-ՄՏՍ ընկերությունը:
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի նախորդ մրցանակակիրներն են՝ «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը (2010 թ.), «Էփլ Քոմփյութերս» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը (2011 թ.), «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը (2012 թ.), Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ Ցուգիո Մակիմոտոն (2013 թ.) և «Cisco» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան (2014 թ.), «Կասպերսկի լաբորատորիայի» գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին (2015 թ.), «Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն, համացանցի համահիմնադիր Լուի Պուզեն (2016 թ.), «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, IPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադել (2017 թ.), Նեյշնլ Ինսթրումենթս ընկերության համահիմնադիր Դր․ Ջեյմս Թրուշարդ (2018 թ․), Կարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր Դր. Տակեո Կանադե (2019 թ․)»,- նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան