Զբոսաշրջության անվան տակ ՀՀ է եկել Թուրքիայի ավելի քան 2100 քաղաքացի. 168.am
168.am-ը գրում է.
«Հոկտեմբերի 29-ից Հայաստանը դասվում է համավարակի բարձր ռիսկի գոտում գտնվող երկրների շարքին։
Թե դա ինչ է նշանակում զբոսաշրջության համար, բացատրելու կարիք չկա։ Ոչ մի զբոսաշրջիկ հակված չէ գնալ այնտեղ, որտեղ իր կյանքին վտանգ է սպառնում, որտեղ Քովիդից վարակվելու, առավել ևս՝ մահանալու ռիսկն ավելի բարձր է։
Սա ուղղակի հարված է զբոսաշրջային հոսքերին, որն առաջիկայում դեռ շարունակելու ենք տեսնել։
Արդեն հայտնի են տարվա առաջին 9 ամիսների տվյալները, ու դրանք վկայում են, որ նախորդ տարվա կտրուկ կրճատումից հետո զբոսաշրջությունն այս տարի նախկին ցուցանիշներին անգամ մոտենալու շանս չունի։
Ինն ամսում, պաշտոնական տվյալներով, Հայաստան է այցելել 609 հազար մարդ։
Սա, անշուշտ, ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Նախորդ տարվա երկրորդ եռամսյակից, ինչպես հայտնի է, գրեթե դադարեց զբոսաշրջիկների մուտքը Հայաստան։ Մի կողմից՝ համավարակը, մյուս կողմից՝ պատերազմն ու անվտանգության հետ կապված խնդիրները լրջորեն ազդեցին զբոսաշրջային հոսքերի վրա։
Անցած տարվա առաջին 9 ամսում Հայաստան էր այցելել ընդամենը 324 հազար զբոսաշրջիկ։
Որպեսզի պարզ լինի, թե ինչ էր տեղի ունեցել ոլորտում, հիշենք դրան նախորդած տարվա ցուցանիշը. 9 ամսում 1 մլն 459 հազար զբոսաշրջիկ։
Այս տարի հոսքերը որոշ չափով ավելացել են, բայց վերականգնվելու մասին խոսելն անիմաստ է։
Անցած տարին իսկապես մեռած էր զբոսաշրջության համար։ Սակայն այնպես չէ, որ այս տարի մեծ առաջընթաց կա։ 2020թ. 9 ամիսներին Հայաստան էր այցելել՝ 324 հազար, այս տարի այցելել է 609 հազար զբոսաշրջիկ։
Տարբերությունը 280 հազար է։ Այն 88 տոկոսով ավելի է նախորդ տարվանից։ Բայց ավելի քան կրկնակի պակաս է, քան համավարակին ու պատերազմին նախորդած տարում էր։ Այն ժամանակ 9 ամսում Հայաստան էր եկել 1 մլն 459 հազար մարդ, այս տարի եկել է 850 հազարով քիչ։
Այլևս պարզ է, որ զբոսաշրջիկների 319 տոկոսանոց աճ այս տարի չենք ունենալու։ Նույնիսկ դրան մոտ ցուցանիշի չենք հասնելու։ Սա ոչ թե հոռետեսություն է, այլ իրականության ճիշտ գնահատում, որը շատ պաշտոնյաներ պարզապես չունեն կամ միտումնավոր խեղաթյուրում են իրականությունը։
Տարվա ընթացքում ակնկալվող 1,2 միլիոն զբոսաշրջիկից 9 ամսում Հայաստան է եկել կեսը։ Պարզ է, որ տարեվերջի 3 ամիսներին 600 հազար զբոսաշրջիկ չի գա։
Նույնիսկ լավ ժամանակներում, երբ տարեկան գրեթե 2 միլիոն զբոսաշրջիկ ունեինք, տարվա վերջին այդքան մեծ հոսք չէր լինում։ Ասենք՝ 2019թ. վերջին եռամսյակում Հայաստան էր եկել 435 հազար զբոսաշրջիկ։
Այնպես որ, հազիվ թե այս տարի 600 հազարը գա։ Առավել ևս՝ հաշվի առնելով համաճարակային այն իրավիճակը, որին բախվել ենք այս շրջանում։
Զբոսաշրջության հոսքերի համար պիկ սեզոնը սովորաբար համարվում է տարվա միջնամասը։ Խոսքը երկրորդ-երրորդ եռամսյակների մասին է։
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան էր այցելել՝ 86 հազար, երկրորդում՝ 153 հազար, երրորդում՝ 370 հազար զբոսաշրջիկ։ Չորրորդի հետ կապված մեծ ակնկալիքներ չկան։ Լավագույն դեպքում տարեվերջին զբոսաշրջային հոսքերը կարող են հասնել 800 հազարի։ Բայց դա այն չէ, ինչի մասին խոսվում էր տարվա սկզբին։
Զբոսաշրջային հոսքերի հիմնական մասը եղել են Ռուսաստանի Դաշնությունից։ Եկել է 238 հազար զբոսաշրջիկ՝ անցած տարվանից գրեթե կրկնակի ավելի։ ՌԴ-ից մուտքերը կազմել են ընդհանուրի 39 տոկոսը։
Երկրորդ խումբը Հայաստանի քաղաքացիներն են, որոնք կազմել են զբոսաշրջային հոսքերի 20 տոկոսից ավելին։ Խոսքը 125 հազար մարդու մասին է։
Երրորդ-չորրորդ տեղերում Իրանն է ու Վրաստանը։
Իրանից 9 ամսում եկել է շուրջ 69 հազար, Վրաստանից՝ 41 հազար զբոսաշրջիկ։
Հայաստանը բավական քանակությամբ զբոսաշրջիկներ է ընդունել նաև Թուրքիայից. 9 ամսում զբոսաշրջության նպատակով Հայաստան է եկել Թուրքիայի ավելի քան 2,1 հազար քաղաքացի։ Նրանց թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 313-ով»։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան