Սյունիքի մարզպետի որդին ազատ կարձակվի
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու` Կարեն Պողոսյանի կալանավորման ժամկետը չի երկարացվի: Panorama.am-ը Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանից տեղեկացավ, որ դատարանը մերժել է Կարեն Պողոսյանի կալանավորման ժամկետը երկարացնելու ՔԿ-ի միջնորդությունը:
«Կարեն Պողոսյանի կալանավորման ժամկետը կլրանա նոյեմբերի 21-ին, մինչև այդ նա կմնա կալանքի մեջ»,- ասաց նա:
Հարցին՝ ՔԿ-ն կբողոքարկի՞ դատարանի որոշումը, Վ. Թադևոսյանը պատասխանեց, որ պարզ կլինի նոյեմբերից 21-ից հետո:
Հիշեցնենք՝ 2021 թ. հուլիսի 14-ին Գորիսում կրակոցներ էին հնչել, երկու անձ տեղափոխվել էր հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Կարեն Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք կրելու հոդվածներով, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Շուրջ երկու ամիս հետախուզման մեջ գտնվելուց հետո Կ.Պողոսյանն ինքնակամ ներկայացել էր Քննչական կոմիտե: Նա կալանավորվել էր սեպտեմբերի 24-ին:
Դեպքի վերաբերյալ հուլիսի 14-ին ՔԿ-ն տարածել էր հաղորդադրություն՝ մասնավորապես նշելով. «2021թ. հուլիսի 14-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով մոտակա շենքերի բնակիչների նկատմամբ, զենքի և որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը՝ իրենց մոտ ապօրինի պահվող հրազենով ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ կրակոցներ են արձակել Գորիս քաղաքի երկու բնակիչների ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում ավարտին չեն հասցրել վերջիններիս սպանելու հանցավոր դիտավորությունը, քանի որ նրանք տեղափոխվել են «Գորիսի» բժշկական կենտրոն և ստացել անհրաժեշտ բուժօգնություն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով»:
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքի մարզպետի որդու մասնակցությամբ կրակոցների գործը փորձում են կոծկե՞լ. Hraparak.am
- ՔԿ-ն՝ Գորիսի միջադեպի մասին
- Գորիսում փոխհրաձգությունից հետո երկու տղամարդ տեղափոխվել է հիվանդանց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան