Անկազմակերպ, անգլուխ մի պատերազմ է եղել, հիմա էլ գերիների վրա է մեղքը բարդելու. Ժաննա Ալեքսանյան
«Նիկոլ Փաշինյանը դիտավորյալ, մտածված նման հայտարարություն արեց՝ դրանով կոտրելով այն ընտանիքներին, որոնք պետք է իրենց բողոքի ձայնը բարձրացնեին, այսինքն մեղադրելով»,- «Ինչո՞ւ են գերեվարվում մեր զինվորները. կատարու՞մ է պետությունն իր պարտավորությունները զինվորների հանդեպ» թեմայով քննարկմանն ասաց իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ «ժամանակն է գերեվարման յուրաքանչյուր դեպք պատշաճ ձևով հետաքննենք»:
Ժ. Ալեքսանյանի խոսքով, դա սովետական մտածողություն է, ՀՀ իրավապահ մարմինները՝ քննչական կոմիտե, դատախազություն, այդպես են աշխատում, զինվորի սպանությունն ինքնասպանության հոդվածով են ներկայացնում, ընտանիքին կոտրում են, նրանք սկսում են իրենց որդու վրայից մաքրել դա:
«Նույնը գերիների դեպքում է: Անբարո հայտարարություն է, չէի պատկերացնի, որ հնարավոր է նման հայտարարություն պետության առաջին դեմքի կողմից: Ադրբեջանում խոշտանգում են, ամենադաժան ձևով վարվում են նրանց հետ, փաստորեն, դեռ պետք է գան, այստեղ էլ քննության ենթարկվեն, պատասխանատվության կանչվեն»,- նշեց իրավապաշտպանը:
Նա նշեց, որ այցելել է զոհվածների, գերիների, վիրավորների ընտանիքների, լսել տարբեր պատմություններ, թե ինչ է կատարվել, ինչպես են հայտնվել գերության մեջ:
«Մեծամորում բնակվող պայմանագրային զինծառայող Արմեն Ստեփանյանի տանն ենք եղել: Պատերազմի հենց առաջին օրն է հայտնվել գերության մեջ: Սխալ ճանապարհով են նրանց տարել, մոլորվել են, հայտնվել գերության մեջ: 8 ամիս եղել է գերության մեջ: Ի՞նչ է արել պետությունն այդ ընթացքում: Ուղղակի 72 ժամ անց կտրել են նրա աշխատավարձը: Ընտանիքը՝ երեք մանկահասակ երեխաները, ծեր ծնողները անպաշտպան են եղել։
Մարդն 8 ամիս ենթարկվել է ամենատարբեր խոշտանգումների, նսեմացումների, բռնությունների, եկել է տուն ու գտել ընտանիքին այս վիճակում:
Սա է վերաբերմուքը գերիների նկատմամբ: Անմարդակային մոտեցում է»,- ասաց Ժ. Ալեքսանյանը:
Նա Փաշինյանին հիշեցրեց՝ ամեն մի զինվորի համար պատասխանտու է անձամբ. «Պետությունը պատասխանատվություն է կրում զինվորի կյանքի, առողջության, ամեն ինչ համար: Ուղղակի այստեղ, այս երկրում, որևէ մեկը չի կրել պատասխանատվություն: Փաշինյանը պատասխան տվել է, թե ի՞նչ էր կատարվում ռազմադաշտում»:
Ժ. Ալեքսանյանի խոսքով, այս երկրում ամեն ինչ արվում է մարդու դեմ, Փաշինյանը ևս այդպես է առաջանորդվում և ոչ մի բան զինվորի համար:
«Լսում եմ պատմություններ զինվորներից, թե ինչպես են լքված եղել, անպաշտպան, տանջված ու տառապած, վիրավոր: Անկազմակերպ, անգլուխ մի պատերազմ է եղել, հիմա էլ գերիների վրա է մեղքը բարդելու… Ընդհանրապես, Փաշինյանն ունի մեղքը դիմացինի վրա բարդելու, իր պատասխանատվությունը չընդունելու սովորություն:
Նույնիսկ այն խոսքերը, որ ասաց՝ պատասխանատու եմ, մակերեսային արտահայտված, մեխանիկական խոսքեր էին, քանի որ նրա պահվածքով չենք տեսնում, որ ունի պատասխանատվություն: Պատասխանատվություն ունեցող մարդը չի կարող այս պահին, երբ գերիները խոշտանգվում են, ընտանիքները տառապում են, կանգնի ու նման հայտարարություն անի»,- ասաց իրավապաշտպանը:
Ժաննա Ալեքսանյանն ընդգծեց՝ Փաշինյանը խորհրդարանում բացատրություններ տալու փոխարեն ընտանիքներին սպառնաց քննությամբ:
Հարակից հրապարակումներ`
- 44-օրյա պատերազմում մեղավոր էին նախկինները, հիմա աստիճանաբար մեղավոր են կարգվում գերիները. Շարմազանով
- Զոհված զինծառայողների մայրերը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
- Սթափության տիրույթում ես այս հայտարարությունը չեմ կարողանում ընկալել․ Վարդևանյանը՝ Փաշինյանի գերիներին քննելու առաջարկի մասին
- Նիկոլ Փաշինյանն առաջարկում է քննել գերի ընկած զինծառայողներին