Տեղի կունենա Միքայել Թարիվերդիևի 90-ամյակին նվիրված երեկո
Նոյեմբերի 27-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահ՝ մասնակցելու կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի 90-ամյակին նվիրված համերգային երեկոյին։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Պահե՛ք ակնթարթը, մաե՛ստրո» խորագրով երեկոյի ընթացքում կհնչեն Թարիվերդիևի սիմֆոնիկ ստեղծագործությունները (սյուիտ «Աղջիկը և մահը» բալետից, Ջութակի թիվ 1 կոնցերտը, կոմս Կալիոստրոյի արիան «Կոմս Կալիոստրո» օպերայից) և կինոերաժշտության ընտրանին՝ «Գարնան տասնյոթ ակնթարթ», «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ», «Ոսկե գետակը», «Ուղևորը հասարակածից», «Օլգա Սերգեևնա», «Գաղտնի գործակալի ճակատագիրը», «Գիշերային զվարճանքներ», «Ես խոստացել եմ, ես կգնամ» ֆիլմերից։ Նշենք, որ Թարիվերդիևը հեղինակել է շուրջ 130 ֆիլմի երաժշտություն։
Համերգի ընթացքում որպես մենակատարներ հանդես կգան ջութակահար Հայկ Կազազյանը, բարիտոն Գևորգ Հակոբյանը, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը։
Միքայել Թարիվերդիևի կոմպոզիտորական տաղանդը դրսևորվել է վաղ հասակում. իր առաջին բալետը նա գրել է 13 տարեկանում։ Ստեղծագործել է երաժշտության գրեթե բոլոր ժանրերում։ Նա արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների։
Թարիվերդիևի 90-ամյակին նվիրված համերգային երեկոն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կազմակերպում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան