Կառավարությունն այսօր 7 մլն դրամի մեկ անձից գնման հերթական որոշումը կկայացնի՝ անհետաձգելի համարելով դատարանի վերանորոգումը
Կառավարությունն այսօրվա հերթական նիստում Դատական դեպարտամենտին թույլ կտա հերթական մեկ անձից գնումն իրականացնել: Գործադիրն անհետաձգելի է համարելու ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապան քաղաքի նստավայրի ընթացիկ նորոգման շինարարական աշխատանքների ձեռքբերումը և դրա համար հատկացնելու է մոտ 7 մլն դրամ: Նկատենք, որ նույն աշխատանքի համար մրցութային կարգով նախկինում սահմանված է եղել 4 մլն դրամ, և կապալառուն, հավանաբար գումարի անբավարարության պատճառով, թերացել էր իր պարտավորությունները կատարելու հարցում:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատական դեպարտամենտը միակողմանի լուծել է «ԱԳԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի հետ պայմանագիրը՝ Կապալառուի կողմից շինարարական աշխատանքները ոչ պատշաճ կատարելու պատճառով և նոր մրցույթի գնման ընթացակարգը կազմակերպելու համար ժամկետներն իրատեսական չեն, առաջարկվում է անհետաձգելի համարել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապան քաղաքի նստավայրի ընթացիկ նորոգման շինարարական աշխատանքների գնման կարիքը մեկ անձից:
Հարկ է նշել, որ ըստ նոր Ծավալաթերթ-նախահաշվի, (կցվում է) սահմանված գումարը կազմում է 6988340 ՀՀ դրամ, իսկ շինարարական աշխատանքները նախատեսվում են սեղմ ժամկետներում հասցնել ավարտին՝ (կնքվելիք պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո առավելագույնը մեկ ամսյա ժամկետում), և գնման այլ ձևի կիրառումը ժամկետի առումով անիրատեսական է և անհրաժեշտություն է առաջացել շինարարական աշխատանքների ձեռքբերումը կատարել մեկ անձից՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դրույթը»:
Կառավարության նիստի օրակարգի 37 հարցերից 3-ն է զեկուցվող և միայն 13 նախագիծ վերաբերում է «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխումներ կատարելուն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան