Մալենան «Քամի քամի» երգով Հայաստանը կներկայացնի «Մանկական Եվրատեսիլում»
Այսօր տեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակ Մալենայի մրցութային երգի և տեսահոլովակի պրեմիերան։
«Ուրախ եմ, որ արդեն կարող եմ իմ երգն ու տեսահոլովակը ներկայացնել մրցույթի երկրպագուներին։ Մենք շատ երկար ենք աշխատել, ունեինք երգի մի քանի տարբերակ, բայց վերջում թե՛ ես, թե՛ մեր թիմն ընտրեցինք հենց այս երգը։ Այն շատ թրենդային է, պարային, բայց նաեւ ունի շատ կարեւոր ուղերձ. երբեք չհանձնվել եւ հիշել, որ միասին մենք կարող ենք հասնել ցանկացած բարձրունքի» - նշել է է Մալենան։
eurovision.am կայքից տեղեկանում ենք, որ 14 ամյա երգչուհին համաեվրոպական բեմում կներկայանա «Քամի քամի» երգով։ Երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը (tokionine), խոսքերի հեղինակներն են՝ Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան և Դավիթ Ծերունյանը, երաժշտական պրոդյուսեր՝ Անուշիկ Տեր-Ղուկասյան։
Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանի խոսքով, Հայաստանը վերադառնում է «Մանկական Եվրատեսիլ», ինչը շատ սպասված նորություն էր ինչպես երկրպագուների, այնպես էլ պատանի արտիստների համար։
«Համաեվրոպական այս մրցույթը պատանի կատարողներին ամենամեծ ու ամենալայն հնարավորություններ տրամադրող հարթակներից մեկն է ու իսկական տոնախմբություն երեխաների ու մեծահասակների համար։ Ինչպես արդեն գիտեք, մեր երկիրը ներկայացնելու է պատանի, բայց շատ տաղանդավոր Մալենան։ Մրցութային երգի եւ տեսահոլովակի վրա հսկայական թիմ է աշխատել, եւ այսօր այդ աշխատանքի արդյունքը հանձնում ենք հանդիսատեսի դատին։ Հուսով եմ՝ չենք հիասթափեցնի»,- նշել է Դավիթ Ծերունյանը:
Երգի տեսահոլովակի ռեժիսորն է Արթուր Մանուկյանը, օպերատոր՝ Արթուր Ղարայան, հագուստի դիզայնը՝ Արամ Նիկոլյանի։
Հիշեցնենք որ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 19 երկիր։ Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան