Թբիլիսիում կրկին ցույցեր են
«Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունն այսօր կրկին բողոքի ակցիա է անցկացնում Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում՝ ի աջակցություն Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի։
«Ալիք մեդիան»։հայտնում է, որ ՄԱՇ նախագահ Նիկա Մելիան ամբիոնից դիմել է Ռուսթավելի պողոտայում հավաքված քաղաքացիներին։ Նա ասել, որ հանրահավաքը չի ցրվի այնքան ժամանակ, քանի դեռ Միխեիլ Սաակաշվիլիին հիվանդանոց չեն տեղափոխել։
Ըստ Նիկա Մելիայի՝ Էկա Խերխեուլիձեն այս պահին Գլդանիի 18-րդ կառույցում հանդիպում է դատապարտված նախկին նախագահի հետ, որից հետո հայտնի կդառնա, թե ինչ որոշում կկայացնի Սաակաշվիլին և կհամաձայնի արդյո՞ք Գորիի զինվորական հոսպիտալ տեղափոխվելու առաջարկին։
«Այստեղ գալու ճանապարհին մեզ տեղեկացրին, որ Միխեիլ Սահակաշվիլիին կտեղափոխեն Գորիի հիվանդանոց։ Մեր ոչ բռնի պայքարը հանգեցրել է նրան, որ միջազգային հանրությունը ամեն ժամ աջակցող հայտարարություններ է անում»,- հայտարարել է Նիկա Մելիան։
Ըստ ՄԱՇ նախագահի՝ իշխանությունները գիտեին, որ ընդդիմությունը Ռուսթավելիի պողոտայում հավաքվել է կոնկրետ պլանով և ընտրել է բողոքի շատ բուռն, բայց ոչ բռնի ձև։
Նիկա Մելիան չի հստակեցրել, թե ինչ ծրագրեր ունեն ցուցարարները, սակայն նշել է, որ 33 տարի Վրաստանում նման բողոքի ակցիա չի եղել։
«Այսօր մենք ստիպեցինք ռեժիմին ու իշխանությանը անել մեր արած հայտարարությունը։ Նրանք շատ լավ գիտեին, թե ինչ ենք անելու այսօր, դա էլ է լինելու ոչ բռնի, բայց շատ ավելի սուր»,- ասել է Մելիան։
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արդեն 50 օր է, ինչ հացադուլ է հայտարարել։ Երեկ՝ նոյեմբերի 18-ին, հայտնի դարձավ, որ նա առողջության վատթարացման պատճառով տեղափոխվել է Գլդանի բանտի վերակենդանացման բաժանմունք, կորցրել է գիտակցությունը։