Փաշինյանի պատասխաններում առերևույթ պետական դավաճանության բազմաթիվ փաստեր կային. Արծվիկ Մինասյան
«Մենք տեր ենք մեր մոտեցմանը՝ երկրի պաշտպանունակության, անվտանգության, մեր ինքնիշխանության և արժանապատվության վերականգնման համար այս իշխանություններն ընդամենը խոչընդոտ ու սպառնալիք են և պետք է հեռանան»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Բանախոսը նկատեց, որ ինչպես ընդդիմությունը կանխատեսում էր՝ քաղաքական մեծամասնությունն այդպես էլ չի գիտակցում իր ստացած մանդատի արժեքը և առաջնային հարցերը ստորադասում է երկրորդայինին և որ ամենավատն է՝ շարունակում է մնալ նույն վիճակում:
«Երկրի անվտանգության կարևորագույն խնդիրներն օրակարգային հարց դարձնելու փոխարեն, նրանք փորձում են ստերով, կեղծիքներով, մանիպուլյացիաներով, իրականությանը չհամապատասխանող գնահատականներով հերթական անգամ հասարակության ուշադրությունը շեղել ստեղծված ծանրագույն վիճակից»,- ասաց Մինասյանը:
Նա հիշեցրեց, որ երկուշաբթի օրն ընդդիմությունն արտահերթ նիստ էր հրավիրել հենց այդ կարևորագույն հարցի օրակարգով և ստացել քաղաքական մեծամասնության կոպտագույն սահմանադրական խախտմամբ մերժումը:
«Հայաստան» խմբակցության քարտուղարը նկատեց, որ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ՔՊ պատգամավորների նախապես պատրաստած հարցերին պատասխանելով փորձել է ներկայացնել իշխանության պատրաստած լուծումները:
«Հայտարարությունները, որոնք այդ օրն արեց Նիկոլ Փաշինյանը, համապատասխանում են Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի հատկանիշներին՝ առերևույթ պետական դավաճանության բազմաթիվ փաստեր հրապարակելով, սկսած նրանից, որ ոչ ավել՝ ոչ պակաս Հայաստանին օկուպանտ է համարել, ավարտված նրանով, որ այդ մարդը փաստացի հայտարարում է, որ ինքը Հայաստանի տարածքային ամբողջականությունը ինչպես ուզում, այնպես էլ պտտացնում է և պատրաստ էլ չէ Հայաստանի շահերը պաշտպանել»,- հայտարարեց պատգամավորը:
Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ Աժ-ում ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Խորհրդային Ադրբեջանին համարեց որոշ տարածքների իրավատեր, այն դեպում, երբ անգամ Ադրբեջանն իր անկախության հռչակագրով չի ընդունել այդպիսի բան:
«Այդ մարդը սպասարկեց ադրբեջանաթուրքական ցանկությունը և երրորդ ծանրագույն բանը, որ նա արեց ՀՀ քաղաքացի հանդիսացող գերիների նկատմամբ, որոնք գերեվարվել են ադրբեջանական կողմի ագրեսիայի հատկանիշներով գործողությունների արդյունքում, նրանց անպաշտպան թողնելն էր, ավելին՝ նույնիսկ սպառնաց»,- ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղարը: