«Ժողովուրդ». Ոչ միայն կառույցների, այլև պաշտոնյաների տեղեկություններն են հակասական
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«44-օրյա պատերազմից մեկ տարի անց դեռևս պաշտոնապես չեն տեղեկացրել, թե հայկական կողմը քանի զոհ, գերի ու անհետ կորած ունի: Եթե գերիների պարագայում թվերի անճշտությունը ինչ-որ առումով հասկանալի է (Ադրբեջանը երբեք էլ հստակ թիվ չի ներկայացրել), ապա զոհվածների ու անհետ կորածների պարագայում որևէ կերպ ընկալելի չէ՝ ինչու մինչև այժմ հստակ թվեր չեն ներկայացվում:
Օրերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մեկօրյա սադրանքի հետևանքով Հայաստանը, ցավոք, բացի տարածքային կորուստից, նաև մարդկային կորուստներ է ունեցել, բայց երեք օր անց դեռևս հստակ չէ՝ դիրքապահ տղաներից քանիսն են ռազմագերի, քանիսը՝ զոհված: Եթե ապավինենք պաշտոնական տեղակատվությանը կամ պաշտոնյաների կողմից ներկայացվող թվերին, ապա ոչինչ էլ չենք իմանա, հակառակը՝ ավելի կխճճվենք:
Մինչ Պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 16-ին հայտնում էր, թե «հայկական կողմը նույնպես կորուստներ ունի, այս պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին», Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նույն օրը նշում էր, թե «դեռևս չհաստատված տվյալներով՝ այս պահին ունենք 15 զոհ և 7 գերեվարված անձ։ Նրա ասածը վերահաստատում էր Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը՝ «Հայկական ժամանակը»՝ գրելով, թե «փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ»:
Ավելի ուշ Պաշտպանության նախարարությունը հայտնեց մի քանի գերու ու ավելի քան 20 անհետ կորածների մասին, որոնց ճակատագիրը, ըստ ՊՆ-ի, անհայտ է: Թե իրականում ինչ է կատարվել անհետ կորած 24 տղաների հետ, ցավոք, կարելի է ենթադրել, բայց փաստ է, որ անգամ պաշտոնյաների հաղորդած տեղեկություններն են հակասող»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան