Սաակաշվիլին կարող է կոմայի մեջ ընկնել
Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակը և դրա հովանու ներքո ստեղծված փորձագետների խումբը հայտնում են, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող է կոմայի մեջ ընկնել։
Նրանք կոչ են անում Վրաստանի նախկին նախագահին անհապաղ տեղափոխել բարձր տեխնոլոգիաների բազմամասնագիտական հիվանդանոց։ Այս մասին ասվում է Վրաստանի օմբուդսմենի՝ այսօր տարածված հայտարարության մեջ, հայտնում է «Նովոստի-Գռուզիա»-ն։
Նոյեմբերի 18-ին՝ հացադուլի 49-րդ օրը, Սաակաշվիլին Գլդանիի բանտի հիվանդանոցում կորցրել էր գիտակցությունը, ինչից հետո տեղափոխվեց վերակենդանացման բաժանմունք։ Նախօրեին Վրաստանի օմբուդսմենի բժիշկների խումբն այցելեց ՔԿՀ և զննեց հիվանդին։
Փորձագետների կարծիքով՝ երրորդ նախագահի մոտ «զարգացել է ամենածանր բարդություններից մեկը», որն առաջացել է տևական հացադուլի հետևանքով։ Նրա մոտ առկա են ջղաձգումներ։
Բժիշկները նշում են, որ ուղեղում կիզակետային պրոցեսների ամբողջական գնահատման համար մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) հետազոտություն է անհրաժեշտ։ Նաև էլեկտրաէնցեֆալոգրամ (ԷԷԳ) պրոցեդուրա է առաջարկվում:
«Ելնելով այն հանգամանքից, որ վիճակը կրիտիկական է և հաշվի առնելով սպասվող բարդությունները` հանրային պաշտպանը և փորձագետների խումբը ևս մեկ անգամ կոչ են անում Արդարադատության նախարարությանը, քրեակատարողական ծառայությանը Միխեիլ Սաակաշվիլիին անհապաղ տեղափոխել աշխատանքի մեծ փորձով պատշաճ գործող բազմապրոֆիլային հիվանդանոց, քանի որ ավելի լուրջ բարդություններն ակնհայտ են, կա կոմայի հետևանքով առաջացած էպիլեպտիկ կարգավիճակի զարգացման հավանականություն, ինչը կարող է մահացու լինել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին օգնության խնդրանքով դիմել է ԱՄՆ-ին
- Բժիշկ. Սաակաշվիլու վիճակը ծայրահեղ ծանր է
- Սաակաշվիլին որոշել է դադարեցնել հացադուլը
- Սաակաշվիլին հոսպիտալացվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան