Արցախում արտամարմնային բեղմնավորման ծրագրով ծնվել է առաջին երեխան
Արցախում արտամարմնային բեղմնավորման ծրագրով ծնվել է առաջին երեխան: Արցախի առողջապահության նախարարությունում վստահ են, որ արտամարմնային բեղմնավորման ծրագիրը կերջանկացնի շատ ընտանիքների:
Վերջին ութ ամիսների կտրվածքով արտամարմնային բեղմնավորման են ուղեգրվել 52 զույգ, որից 39-ի մոտ արդեն կատարվել է բեղմնավորում, 17-ի մոտ ստացվել է հղիություն: Օպերատիվ բուժումից հետո (լապարոսկոպիա և հիստերոսկոպիա) հերթագրված են տասնյակ զույգեր, որոնք նույնպես պատրաստվում են արտամարմնային բեղմնավորման:
Հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ԱՀ առողջապահության նախարարության «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ ռեպրոդուկտոլոգիայի կաբինետը գրանցել է 8900 այց:
ԱՆ-ից նշում են, որ արտամարմնային բեղմնավորմամբ առաջնեկի ծնունդով ազդարարվել է Արցախում ծրագրի հաջող ընթացքը՝ արձանագրելով տեղի բժշիկների մասնագիտական կարողություններն ու հաջողությունները:
ԱՀ առողջապահության նախարարությունը ոլորտի բարեփոխումների շրջանակում շարունակում է ներդնել բազմաթիվ ծրագրեր, որոնց լիարժեք իրականացումը կնպաստի Արցախում բնականոն կյանքի վերականգնմանը:
«Ուրախալի է այն փաստը, որ Արցախում գործում է արտամարմնային բեղմնավորման ծրագիրը, ինչը կխթանի ժողովրդագրական աճին»,-նշում են նախարարությունից։