Ստալինի ծոռը պահանջում է արտաշիրիմում անել գործչին
Իոսիֆ Ստալինի ծոռան՝ Սելիմ Բենսաադի փաստաբանը խնդրում է արտաշիրիմել Ստալինի մարմինը Կրեմլի մոտակա գերեզմանոցից՝ աճյունը Նովոդևիչյան գերեզմանատանը հուղարկավորելու համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ստալինի ծոռան մամուլի կցորդ Վադիմ Գորժանկինին:
Նշվում է, որ Ստալինի հարազատ ծոռան շահերը ներկայացնող փաստաբանը Մոսկովյան Կրեմլի պարետական ծառայությանը դիմում է ուղարկել գործչի աճյունի արտաշիրիմում անելու մասին:
Ստալինի ժառանգը պատմական արդարություն է պահանջում՝ կատարել գլխավոր քարտուղարի վերջին կամքը, ինչպես նաև հետաքրքրված է արդարության որոնումներով՝ ինչն է եղել Ստալինի մահվան պաշտոնական պատճառը:
Սելիմի կարծիքով՝ նախապապի վերջին կամքը չի կատարվել: Աղբյուրը հիշեցնում է, որ 1953 թվականին Ստալինի սարկոֆագը տեղակայվել է Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող դամբարանում, սակայն 1961 թվականին Ստալինի մնացորդները գաղտնի վերահուղարկավորվել են Կրեմլի պատի մոտ՝ առանց հարազատների համաձայնության:
Մամուլի կցորդը հավելել է, որ կյանքի օրոք Ստալինը բազմիցս ցանկություն է հայտնել մահից հետո հուղարկավորվել Նովոդևիչյան գերեզմանատանը, որտեղ հանգչում է նրա երկրորդ կնոջ՝ Նադեժդա Ալիլուևայի մարմինը: