Սաակաշվիլին տեղափոխվել է Գորիի զինվորական հոսպիտալ
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին շաբաթ գիշերը Թբիլիսիի ծայրամասում գտնվող Գլդանի շրջանի բանտային հիվանդանոցից տեղափոխել են Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, շտապօգնության մեքենայով ավտոշարասյան շարժման կադրերն ուղիղ եթերում հեռարձակել է վրացական «TV Pirveli» հեռուստաալիքը։
Այդ պահի տվյալներով՝ մեկ ժամ առաջ մեքենաները դուրս են եկել բանտի հիվանդանոցից։ Նախկին նախագահին ճանապարհին ուղեկցել են նրա բուժող բժիշկ Նիկոլոզ Կիփշիձեն, մայրը՝ Ջուլի Ալասանիան, բանտային հիվանդանոցի բժիշկները, ինչպես նաև փաստաբաններ Դմիտրի Սաձաղիշվիլին և Նիկա Գվարամիան։
Հիվանդանոցում իրավիճակը հանգիստ է: Շենքը շրջափակված է ոստիկաններով։ Այս պահին փաստաբաններն ու բուժող բժիշկը թույլտվության են սպասում Սաակաշվիլին տեսակցելու և նրա կալանքի պայմաններին ծանոթանալու համար։
Ուրբաթ օրը Սաակաշվիլիի փաստաբան Գվարամիան ասել է, որ նախկին առաջնորդը համաձայնել է տեղափոխվել զինվորական հոսպիտալ և կդադարեցնի հացադուլը, որը հայտարարել էր ավելի քան մեկ ամիս առաջ ձերբակալությունից հետո, երբ նրան տեղափոխեցին բանտ։