Թբիլիսին Երևանին և Բաքվին խաղաղություն պահպանելու համար առաջարկում է բանակցությունների իր ձևաչափը
Թբիլիսին հանդես է գալիս «եռյակի» երկրների շրջանակներում բանակցությունների ձևաչափ ստեղծելու նախաձեռնությամբ, որում Հայաստանը,Վրաստանը և Ադրբեջանը կբանակցեն Անդրկովկասում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը խորհրդարանում ասել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։
«Մեր այլընտրանքն այն նախաձեռնություններն են, որոնք առաջարկում ենք, այդ թվում՝ եռյակի ձևաչափը՝ Հարավային Կովկասի երեք երկրները: Դրան կմասնակցեն Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը: Թբիլիսին պետք է հարթակ դառնա հարավկովկասյան երեք երկրների միջև երկխոսության համար»,-ասել է Զալկալիանին։
Նրա խոսքով, Թբիլիսին հավակնություններ ունի առաջարկել հարևան երկրներին մասնակցել տնտեսական նախագծերին, որոնք կնպաստեն տարածաշրջանում լարվածության թուլացմանը և երկարաժամկետ հեռանկարում խաղաղության հաստատմանը:
Փոխվարչապետը հիշեցրել է Սևծովյան տարածաշրջանում կայունության ապահովման «Խաղաղ հարևանության նախաձեռնությունը», որի մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում։ Նրա կարծիքով, դա կհանգստացնի իրավիճակը նաև Հարավային Կովկասում։
Զալկալիանին ուրբաթ ասել է, որ Վրաստանը չի նախատեսում մասնակցել Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի բացման խնդրի շուրջ «3+3» բանակցային ձևաչափին (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան-Ռուսաստան, Թուրքիա, Իրան) ։