ԱՄՆ-ում հայտնաբերվել է ամենափնտրվող հանցագործներից մեկի դին
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում մահացած են գտել երկրի ամենափնտրվող հանցագործներից մեկին՝ 70-ամյա Ֆրեդերիկ Սեսիլ Մաքլինին։ Associated Press-ի տարածած հաղորդագրությունը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
Դատաբժշկական փորձագետները եզրակացրել են, որ տղամարդը մահացել է բնական մահով չորս ամիս առաջ։ Մաքլինի մարմինը հայտնաբերվել է տանը՝ իր հարևանի կողմից փրկարար ծառայության հետ կապ հաստատելուց հետո։
Մաքլինը հետախուզման մեջ էր հայտնվել 16 տարի առաջ Սան Դիեգոյում՝ բռնության մեղադրանքով: 2000-ականների կեսերից նա Միացյալ Նահանգների 15 ամենափնտրվողների ցանկում է: Այժմ քննիչները փնտրում են հանցագործի ենթադրյալ հանցակիցներին։